Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը համարում է ռազմագերի, դատավարությունները՝ ապօրինի և կեղծ՝ պահանջելով Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։
Այդ մասին բանաձևը խորհրդարանը քննարկեց երեկ երեկոյան, այսօր կեսօրին էլ փաստաթուղթը կդրվի քվերակության և, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ դրան միացել են խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունները։
«Մենք այլևս չենք կարող լռել», - հայտարարեց բանաձևի համահեղինակներից Մարինա Մեժուրը, հավելելով․ - «Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի՝ հստակ ուղերձ ենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ՝ մնալով անպատիժ»։
«Ադրբեջանական զորքը էթնիկ զտումներ ու բռնություններ է իրականացրել, որ պետք է քննվեն Միջազգային քրեական դատարանում։ Դրան հետամուտ լինելու փոխարեն Եվրոպան գործարք է կնքում Ալիևի հետ ու նրան դասում ռազմավարական գործընկերների շարքում», - փաստում էին եվրոպացի պատգամավորները։
Ֆրանսուա Բելամին հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է Ուկրաինայի դեմ Պուտինի հարձակումը պատժվում, իսկ Ալիևի ագրեսիան՝ մնում անպատիժ։
«Ինչպե՞ս կարող եք արդարացնել գազի ներկրումն Ադրբեջանից։ Ինչպե՞ս կարող եք արդարացնել համագործակցությունը հանցագործների հետ, որոնք զազրելի ոճրագործություններ են իրագործում։ Արդյո՞ք Բաքվից գազ ստանալը նույնքան անընդունելի չէ, որքան գազը Ռուսաստանից։ Նույն բանը չէ՞», - հարցնում էր ֆրանսիացի պատգամավորը։
Բանաձևի համահեղինակ Միրիամ Լեքսմանը պնդեց՝ Եվրամիությունը պետք է կոնկրետ պայմաններ դնի Բաքվի առաջ, այդ թվում՝ պահանջի, որ Բաքուն գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաև երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ նրանց վերադարձի իրավունքն Արցախ։
«Դրա փոխարեն մենք կրկին հաճոյանում ենք բռնարարին ու պարգևատրում Ալիևի վարչակազմին՝ նրա հետ առևտուրն ընդարձակելով։ Ժամանակն է դադարեցնել երազանքները ռազմավարական համագործակցության մասին։ Պետք է առերեսվել իրականությանը, և գործել մեր արժեքներին ու սկզբունքներին համապատասխան», - հայտարարեց Լեքսմանը։
Չնայած Բաքվի հավաստիացումներին, թե ազատազրկված հայերի իրավունքները լիովին պաշտպանվում են, Եվրախորհրդարանի բանաձևն ընդգծում է՝ նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։
«Անկախ կառույցներն անկարող են հետևել այդ շինծու դատավարություններին, Բաքուն այս պայմաններում նաև Կարմիր խաչի գործունեությունն է դադարեցնում»,- երեկ հայտարարում էին պատգամավորները՝ հորդորելով, որ գոնե Ադրբեջանում աշխատող եվրոպացի դեսպանները նրանց այցելեն։
«Ես ուրախ եմ, որ այս խորհրդարանը հետևողականորեն հետևում է այս հարցին, բայց, ցավոք, տպավորություն է, որ մենք եվրոպական միակ կառույցն ենք, որ զբաղվում ենք դրանով։ Մենք չենք կարող շարունակել նախկինի նման հարաբերվել Ադրբեջանի հետ՝ զոհաբերելով մեր արժեքները տնտեսական ու էներգետիկ շահերին», - հայտարարեց Կատարինա Վիեղան։
Բանաձևը փաստացի, միայն խորհրդատվական նշանակություն ունի և պատրադիր չէ կատարման համար։ Որ այս հարցում ԵՄ օրենսդիրն ու արտաքին քաղաքականության ոլորտը համակարգող Եվրահանձաժողովը տարբերվող տեսակետներ ունեն, պարզ դարձավ Էներգետիկայի հարցով հանձնակատար Դան Յորգենսենի ելույթից։ Նա, ի տարբերություն պատգամավորների կոշտ բառապաշարի, խուսափեց անգամ ձերբակալվածներին ազատ արձակելու կոչերից։
«ԵՄ-ը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հետևել իր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ արդար դատաքննությանը։ Մենք կօգտագործենք ամեն մի հնարավորություն՝ հորդորելու Ադրբեջանին երաշխավորել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ձերբակալավածների համար», - հայտարարեց Յորգենսենը։
Խոստանալով գործի դնել ամեն մի հնարավորություն՝ Եվրահանձնաժողողի ներկայացուցիչը դրանց մանրամասները չհստակեցրեց։ Փոխարենը նա խոսեց տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունից՝ հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն իրենց հասարակություններին տանեն խաղաղության ճանապարհով։ ԵՄ-ը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստակամ ենք օգնել տևական ու կայուն խաղաղության հասնելու՝ կողմերի երկխոսությանը», - ասաց Յորգենսենը։
Եվրախորհդրարանի պատգամավորներից Պերնանդո Բարենա Արզան ուղիղ հարց էր տվել Եվրահանձնաժողովին՝ եթե Ալիևը հարձակվի Հայաստանի վրա, պատրա՞ստ եք նրա դեմ սահմանել նույն այն պատժամիջոցները, որ գործում են Պուտինի դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո։ Էներգետիկայի հարցով հանձնակատարը, սակայն, պատգամավորի այս հարցն անպատասխան թողեց։
44-օրյա պատերազմից հետո Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը մի քանի հանդիպում նախաձեռնեց Փաշինյանի ու Ալիևի միջև՝ հարաբերությունների կարգավորման համար։ Վերջին երկու տարիներին, սակայն, Ադրբեջանի առաջնորդը հայտարարում է, թե արտաքին ուժերի կարիք չունի, և նախընտրում է Հայաստանի հետ բանակցությունները շարունակել առանց միջնորդների։