Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Հայաստանում գտնվող Նիդերլանդների իր պաշտոնակցի՝ Կասպար Վելդկամպի հետ, ինչին հաջորդել է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում եղել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ:
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց Արարատ Միրզոյանը։
«Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ», - նշեց Միրզոյանը։