Դանիան պատրաստակամություն է հայտնել խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր հրադադարը վերահսկելու համար, հայտնում է տեղական DR լրատվական գործակալությունը։
DR-ը,վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենին ու փոխվարչապետ, պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին, գրում է, որ կառավարության այս նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական խմբակցությունների լայն աջակցությունը։
«Եթե հրադադարի կամ խաղաղության համար անհրաժեշտ լինի եվրոպական ներկայություն Ուկրաինայում, ապա Դանիան, սկզբունքորեն, պատրաստ է դրան», - հայտարարել է Ռասմուսենը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ առայժմ զորք չեն ուղարկի Ուկրաինա։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էր հայտարարել Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու իր պատրաստակամության մասին։ Նման պատրաստակամություն հայտնել են նաև բրիտանական իշխանությունները։
Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սպասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նախօրեին FT գրեց, որ Կիևը պատրաստ է առաջարկել Ռուսաստանին՝ դադարեցնել հեռահար հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածները, ինչպես նաև մարտական գործողությունները Սև ծովում և բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։