Պաշտոնական Երևանը երեկ հայտարարեց՝ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց իշխանությունը դեռևս չի հայտնել՝ արդյոք Երևանի առաջարկներն ընդունվե՞լ են, կա՞ համաձայնություն վիճահարույց կետերի շուրջ, արդյոք Բաքուն նոր առաջարկնե՞ր է ներկայացրել, բանակցությունները կշարունակվե՞ն, Երևանը նոր առաջարկներ կանի՞, թե՞ համաձայնությունը կայացել է:
Հայաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Երևանը Բաքվին առաջարկներ էր փոխանցել պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ, պատասխանի սպասում էին երեքուկես ամիս։
Կողմերը դեռևս չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Վարչապետ Փաշինյանն իր հարցազրույցներում հիմնական գծերով փոխանցել էր Երևանի պատկերացումները՝ առաջարկել են, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան - Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, իսկ միջազգային դատարաններից հայցերը փոխադարձաբար հետ կանչելու գաղափարը Երևանն ընդունելի է համարում խաղաղության պայմանագրի կնքման դեպքում։
«Բայց տրամաբանությունը կլինի էն, որ եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ո՛չ իրենց, ո՛չ մեզ ապագայի հետ կապված հարցերի վերաբերյալ չի սահմանափակելու, որպեսզի մենք դա անենք», - ասել էր Հայաստանի վարչապետը:
«Ազատություն»-ը ԱԳՆ գրավոր հարցում է ուղարկել ճշտելու համար՝ արդյոք այդ երկու կետերը շարունակում են վիճելի մնալ, նաև Բաքուն նոր առաջարկներ ներկայացրե՞լ է։
Մի քանի օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը 17-կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված միանգամայն այլ երկու դրույթ էր նշել, թե դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Երևանից հերքեցին, որ դրանք պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերն են: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն, ավելին, հայտարարեց՝ «նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում»։
ԱԳՆ-ին նաև հարցրել ենք՝ արդյոք Բաքվից ստացած վերջին պատասխանում Ադրբեջանն այդ կետերը կամ դրանցից որևէ մեկը ներառե՞լ է:
Չնայած Երևանի պնդումներին, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի բանակցությունների թեմա չէ, Բաքուն պահանջը չի դադարեցնում, ավելին՝ Մայր օրենքի փոփոխությունը, ավելի կոնկրետ՝ դրանից Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման մասին հիշատակում պարունակող Անկախության հռչակագրին հղումը հանելը փաստաթղթի կնքման նախապայման է դարձնում։
«Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային՝ մնացորդային՝ փակագծերում և թարգմանաբար, գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ». - ճիշտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին խոսեց, նրա կաբինետի անդամներից արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաջորդ օրը չբացառեց, որ նոր Սահմանադրության նախագծից հանվի Անկախության հռչակագրին հղումը:
Չնայած Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը բացատրում էր գործողի լեգիտիմության պակասով, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին այդ փաստարկը չի համոզել։ Նա կարծում է՝ իշխանությունը Ադրբեջանի՛ պահանջն է կատարում. - «Պարտադրում են հանրաքվե՝ Փաշինյանը և իր թիմը համաձայնվեցին հանրաքվեին»:
Մինչ խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակման շուրջ անորոշությունը պահպանվում է, Արտգործնախարարությունից բացի նաև իշխանական պատգամավորներն են դեռ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, իսկ ոմանք էլ հեռախոսազանգերին ընդհանրապես չեն պատասխանում, այս պահին հստակ է, որ Բաքուն, ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, անպատասխան է թողել կապուղիների ապաշրջափակման և սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկները։
Չնայած Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին հաղորդակցության ուղիների հարցը լուծել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն, բայց աշնանը ապաշրջափակման հարցով առանձին բանակցություններ սկսեցին։ Երևանը հոկտեմբերի վեջին Կազանում Փաշինյան - Ալիև հանդիպումից հետո առաջարկներ էր ուղարկել։
Ադրբեջանի նախագահը բազմիցս պահանջել է, անգամ՝ սպառնացել, Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացել դեպի Նախիջևան։ Նաև հայտարարել է՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։
Հայկական կողմն էլ բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է, միաժամանակ, իշխող ուժից ուղիղ չեն ասում՝ հայկական տարածք մտնող ադրբեջանական բեռները կստուգվե՞ն. դրանից ընդդիմությունը «միջանցքի» վտանգ է տեսնում:
Ժամեր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում Զինաթափման համաժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է անարձագանք մնացած հայկական մյուս երկու՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկներին:
«Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ», - հայտարարել է Միրզոյանը: