Մատչելիության հղումներ

«Իշխանությունը նոր հասկացավ, որ Բաքվի դատավարությունը Հայաստանի՛ նկատմամբ է»


Բաքվում ընթացող նիստերին հետևող ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ Ադրբեջանը հայերի դեմ դատավարությունը կարող է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի հիմք դարձնել:

«Ադրբեջանը սա նաև կարող է օգտագործել, հաշվի առնելով մի շարք նաև ռեգիոնալ, միգուցե աշխարհաքաղաքական գործոններ, լեգիտիմացնելու՝ չակերտավոր, իր հնարավոր ագրեսիան կամ գործողությունները հետագայում Հայաստանի Հանրապետության դեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:

1991-ից մինչև 2016-ի քառօրյա ու 2020-ի 44-օրյա պատերազմ, տավուշյան մարտեր ... Բաքուն ծանր մեղադրանքներով դատարանի առջև հայտնված հայերի դատավարության ընթացքում նոր դրվագներ է հրապարակում, նաև հաշվարկում կրած միլիոնների վնասները:

Ադրբեջանական «Ազերթաջ»-ը միայն կեսգիշերն անց հրապարակեց երեկվա դատավարության մասին պատմող հոդվածը։

44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 4-17-ը Գյանջայի հրթիռակոծությունը, ըստ ադրբեջանական մեղադրանքի, Հայաստանի տարածքից է իրականացվել՝ «Սմերչ» համակարգից։

Երեկ, ըստ պետական «Ազերթաջ»-ի, հայտարարվել է նաև՝ իբր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ու Արևմտյան արտահանման խողովակաշարի պայթեցման փորձեր են եղել:

Մեկուկես տարի գերության մեջ պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները ներկայացվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանությունը բռնի զավթելու/պահելու մեղադրանքներ են առաջադրված։

Ադրբեջանցիները ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի մի շարք նախկին ղեկավարներին՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետեր ու ՊՆ նախկին նախարարներ Վազգեն Սարգսյանին ու Վազգեն Մանուկյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Սամվել Բաբայանին ու Սեյրան Օհանյանին, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, Արցախյան պատերազմի հերոս հրամանատարներից Մոնթե Մելքոնյանին ադրբեջանական բնակչության ոչնչացման և ահաբեկչութան մեղադրանքներ են ներկայացրել։

Խորհրդարանի ընդդիմադիրները չեն բացառում, որ մեղադրյալների շարքում նաև Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունը հայտնվի։

«Պատահական չէ, որ շատ է քննարկվում Գյանջայի ռազմական օդանավակայանի հրթիռակոծությունը, որը փորձվում է վերագրել Հայաստանի Հանրապետությանը՝ ցույց տալու համար ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությունը Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին, այլ նաև նպատակ կա ցույց տալու, որ Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում ադրբեջանցիներ են սպանվել, և դրանք փորձում են և՛ քաղաքական, և՛ իրավական շահարկման առարկա դարձնել», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ իշխանությունը նոր-նոր է հասկանում, որ Ադրբեջանում ընթացող դատավարության թիրախը ինչպես Հայաստան պետությունն է, այնպես էլ՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը:

«Սկզբից Ռուբեն Վարդանյանին, մյուսներին վարկաբեկում էին, ինչ ասես ասեցին, չէ՞՝ «դեռ հարց է՝ ով է, ինչի է եկել, ինչ էր ուզում անել»: Հիմա հասկացան, որ էդ դատավարությունը Ռուբեն Վարդանյանի ու մյուսների նկատմամբ չի, Հայաստանի՛ նկատմամբ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուստամյանը՝ շարունակելով. - «Հիմա սկսել են բոլոր տեղերում գրել՝ շինծու դատավարություններ են տեղի ունենում, յա, որովհետև հասկացան, որ էդ դատավարության թիրախը իրենք են: Նոր-նոր սրանք դեռ պիտի հասկանան, թե ինչ ավեր են գործել՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս»:

Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարությանը բարձրաստիճանները սկսեցին անդրադառնալ, երբ Բաքվից պնդեցին, իբր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը «զղջացել է Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար», նաև ասել, թե «այդ որոշումն ինքը չի կայացրել»։

Օրեր անց վարչապետ Փաշինյանը, հետախուզական տվյալներին հղում անելով, չբացառեց, որ ադրբեջանցիները հոգեներգործուն արգելված միջոցներով ցուցմունքներ կորզեն Բաքվում պահվող հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Այս շաբաթ էլ Բաքվի դատավարությունը թատերականացված որակեց:

Ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունն, ըստ ընդդիմադիրների, որ չի անում:

«Պետք է օգտագործի իր հնարավորությունները՝ միջազգային տարբեր դերակատարների հետ հարաբերություններում, ուշադրություն կենտրոնացնելու՝ ադրբեջանական ագրեսիան կանխելու և զսպելու համար», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Որևէ այլ կարծիք չկա շինծու դատավարության մասին». - հունվարի 17-ից մեկնարկած դատավարությունները շինծու որակող իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանն այսօր չցանկացավ մեկնաբանել ընդդիմության քննադատությունը, թե գերիների հարցով բավարար քայլեր չեն ձեռնարկում: Հայտարարեց, որ ինքն անձամբ դիմել է միջազգային գործընկերներին այս դատավարությունը կանխելու համար:

Իսկ Հայաստանի իշխանությունն ավելի գործուն քայլեր կանի՞, թե ձեռնարկվողներն էլ բավարար են: «Ես կարծում եմ՝ կոշտ հայտարարությունները կամ կոշտ պատասխանները որևէ դրական արդյունքի չեն բերելու, այլ մենք մեր առջև դրած նպատակ ունենք մեր տարածաշրջանում ունենալ կայունություն, և մենք հիմա գնում ենք այդ ճանապարհով՝ ստանալու այդ կայունությունն ու խաղաղությունը», - նշեց Բաքոյանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը մյուս 15 հայերից, այդ թվում՝ Արցախի 7 նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից առանձին է քննվում։

XS
SM
MD
LG