Վրաստանում լայնածավալ հակակառավարական բողոքի ակցիաներ են ընթանում։ Հազարավոր մարդիկ խոշոր քաղաքներում կենդանի պատ են կազմել՝ երկրում անցկացված խորհրդարանական ու նախագահական վերջին վիճահարույց ընտրությունների և եվրաինտեգրումից հրաժարվելու՝ կառավարության որոշման դեմ։
«Միասնության շղթայից» ուղիղ մեկ ամիս առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, թե Թբիլիսին կասեցնում է եվրաինտեգրումը մինչև 2028 թվականը։
Թբիլիսիում քաղաքացիների կազմած շղթան միացնում է մայրաքաղաքի աջ ու ձախ հատվածները և յոթ կամուրջներ։
Ակցիային միացել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ակցիայի նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին։
Վաղը՝ դեկտեմբերի 29-ին, իշխող ուժը նախատեսում է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել։
Ընդդիմությունը չի ճանաչում նոր խորհրդարանի և նախագահի լեգիտիմությունը։ Քվեարկությունը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները քննադատել են նաև Վրաստանի մի շարք արևմտյան դաշնակիցներ։
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ երկրի միակ լեգիտիմ առաջնորդը Զուրաբիշվիլին է, և նրան հրավիրել է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։