Հարավային Կորեայի հետախուզությունը հաստատել է՝ ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել հյուսիսկորեացի զինվորի, հաղորդում է "Рёнхап" գործակալությունը։
AFP-ի հարավկորեական հետախուզության աղբյուրը նշել է, որ դեռևս տեղեկություն չկա, թե ստույգ որ հատվածում է գերի ընկել հյուսիսկորեացի զինվորը։
Ենթադրյալ հյուսիսկորեացի զինվորի լուսանկարը հրապարակվել է դեկտեմբերի 26-ի երեկոյան "Мілітарний" տելեգրամյան ալիքում։ Գրառման մեջ ասվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, «գերի են վերցրել ԿԺԴՀ բանակի առաջին զինվորին»։
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Օրեր առաջ Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հաղորդեց, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքում Հյուսիսային Կորեայի 1100 զինվոր է զոհվել։
Ուկրաինական պատերազմում Հյուսիսային Կորեայի մի քանի հարյուր զոհի ու վիրավորների մասին հայտարարել էր նաև Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան՝ փակ ճեպազրույցում՝ նշելով, որ ուկրաինական ուժերը գրոհել են այն հրամանատարական կետերի և դիրքերի վրա, որտեղ տեղակայված են հյուսիսկորեական զորքերը։
Դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դեմ հյուսիսկորեական զորքերի կիրառման մասին։ Պենտագոնը նրանց թիվը գնահատել էր 11 հազար։