ԵԱՏՄ-ում նախագահությունը Հայաստանի վարչապետն այսօր ավարտեց Բելառուսի նախագահի հետ վեճով: Քննարկումներն ամփոփելիս տեսակապի միջոցով միջոցառումը նախագահող Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհեց նիստին «հեռուստացույցի միջոցով» մասնակցողներից, ապա դիմեց էկրանից այն կողմ նստած Փաշինյանին. - «Նիկոլ Վովաևիչ, դա Ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր հիվանդացել եք, այդ պատճառով մենք Ձեզ ընդունում ենք իբրև մեր միության նոր, երիտասարդ անդամ»:
Փաշինյանն ի պատասխան տեղեկացրեց՝ հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ևս մտադիր է հեռավար՝ տեսակապի միջոցով մասնակցել:
«Ո՞րն է Ձեր խնդիրը, շատ հեռու ե՞ք Մինսկից», - հարցրեց Լուկաշենկոն:
Փաշինյանը պատասխանեց, թե արդեն արել է իր հրապարակային հայտարարությունը, և այն մնում է ուժի մեջ։ «Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:
Բելառուսի նախագահը շարունակեց պնդել, թե կքննարկեն Հայաստանի դիմումը: Երկու երկրների ղեկավարներն իրար արդեն կսմթեցին հեռուստացույցի թեմայով:
«Գուցե հեռուստացույց չլինի, որպեսզի կարողանաք խոսել հեռակա կարգով», - հայտարարեց Լուկշենկոն: «Խնդիր չկա»,- արձագանքեց Փաշինյանը՝ հավելելով. - «Ես հասկանում եմ, Ձեզ մոտ գուցե նաև հեռուստացույցն է դարձել խնդիր, մենք դրան ըմբռնումով ենք մոտենում»:
Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Լուկաշենկոն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»: Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, որ Երևանից որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նիստի սկզբում էլ Ռուսաստանի նախագահը փորձում էր ճշտել՝ Հայաստանի վարչապետը կապի դուրս եկե՞լ է:
Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին վարչապետ Փաշինյանը միացավ տեսակապով: Թեև տնտեսական կառույցում այս տարի նախագահում է Հայաստանը, առաջին խոսքը Ռուսաստանի ղեկավարին էր:
Քովիդով վարակված Փաշինյանի որպիսությամբ Պուտինը չհետաքրքրվեց, ամեն դեպքում նիստի բաց մասում այս մասին հարց չհնչեց, Ռուսաստանի նախագահի 3-րոպեանոց ելույթը բացառապես ԵԱՏՄ-ի մասին էր: Տնտեսական այդ կառույցն, ըստ Կրեմլի ղեկավարի, օգուտներ է բերում անդամ երկրներին, ասաց՝ ռուսական կողմը հետաքրքրված է ակտիվացնել ինտեգրացիոն միավորման ամրապնդման աշխատանքները:
«Ինտեգրացիոն փոխգործակցությունն օգուտ է բերում կառույցի մասնակիցներից յուրաքանչյուրին, օգնում է ապահովել և՛ եվրասիական հնգյակի, և՛ ընդհանուր առմամբ Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն, հաստատուն աճը, հանգեցնում է մեր երկրների կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը», - հայտարարեց Պուտինը:
Ռուսաստանի նախագահը ելույթն ավարտելուց հետո խոսքը փոխանցեց էկրանից այն կողմ սպասող Հայաստանի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը նույնպես հակիրճ էր: Վարչապետը նախ հիշեցրեց, որ Հայաստանի նախագահությունը մոտենում է ավարտին, ապա թվարկեց, թե որոնք էին Երևանի առաջնահերթությունները տարվա ընթացքում.
«Մեր առաջնահերթություններն են տնտեսական համագործակցությունը, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը»։
Հետո արդեն կողմերն անցան փակ քննարկման: Առանց Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Իսկ մինչ այդ, վարչապետն այսօր ևս մի թեստ էր հանձնել՝ թվով չորրորդը վերջին օրերին, ընդ որում՝ ամեն հաջորդ թեստի արդյունքը նախորդի հակառակն է ստացվել: Վերջին թեստից դեռ նորություն չկա: