Ինը տարի առաջ հսկայական ռազմական բեռնատար ինքնաթիռների և ծերացող ռազմանավերի քարավանը սկսեց ետ ու առաջ անել ռուսական բազաների միջև՝ հսկայական ռազմական ուժեր տեղափոխելով արևմտյան Սիրիա։ Դրանով ամրապնդվեց ռուսական ուժային ներկայությունը Մերձավոր Արևելքում և, ի վերջո, փրկեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը։
Ասադն այժմ չկա, իսկ այդ բազաների ճակատագիրը վտանգված է։ Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքի ողջ ռազմավարության հարցն այժմ մնացել է օդի մեջ կախված:
Անցած շաբաթավերջին Ասադի ռեժիմի տապալումը տեկտոնական իրադարձություն էր ողջ Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների համար։ Կրեմլի 2015 թվականի ներգրավումը Սիրիայի գործերին, որը խառնեց բոլոր տարածաշրջանային հաշվարկները, այժմ ինքը հայտնվեց նույն վիճակում՝ մինչ Մոսկվան փորձում է որոշել իր անելիքները:
Դեկտեմբերի 9-ի դրությամբ Սիրիայից Ռուսաստանի դուրսբերման հաստատված նշաններ չկան: Կրեմլի անանուն պաշտոնյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը համաձայնության է եկել Սիրիայում իր ռազմական օբյեկտների անվտանգությունն ապահովելու հարցում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը։
«Դեռ վաղաժամ է այդ մասին խոսելը», - ասաց նա լրագրողներին՝ հավելելով․ - «Սակայն դա կլինի քննարկման թեմա Սիրիայի ապագա ղեկավարի հետ՝ ով էլ նա լինի»։
Ահա թե ինչ պետք է իմանաք Սիրիայում Ռուսաստանի ներկայության մասին, և ինչ կարող է լինել հետո:
Ինչ, Որտեղ և Ով
Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում սկիզբ է առել Ասադի հոր հետ խորհրդային հարաբերություններից, և 1971-ին Մոսկվային կարևոր ակտիվ բերեց՝ միջերկրածովյան Տարտուս խորջրյա նավահանգստի մուտք: Մոսկվան առանձնապես ուշադրություն չէր դարձնում տեղի իրադարձություններին մինչև 2011 թվականը, երբ ժողովրդական ապստամբությունը Սիրիայում վերածվեց ուղղակի քաղաքացիական պատերազմի, որը սպառնում էր Ասադի կառավարությանը:
2015 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց Ռուսաստանի վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր զորախմբին տեղակայել Սիրիա, որպեսզի այն աջակցի՝ ապստամբների և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարելու Ասադի ջանքերն: Սիրիան Ռուսաստանին 49 տարվա վարձակալության իրավունք է տվել Տարտուսի և Հմեյմիմում տեղակայված ավիաբազայի նկատմամբ:
«Իրավիճակը շատ բարդ էր՝ և՛ բարոյականության, և՛ հյուծվածության առումով», - 2017 թվականին հրապարակված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը։
«Զենք-զինամթերքի, անհրաժեշտ աջակցության, հրամանատարների պակաս կար։ Մեր գործողությունը սկսվեց, և որոշ ժամանակ անց մենք տեսանք առաջին հաջողությունները… Այսօր սիրիական բանակն ի վիճակի է առաջադրանքներ կատարել՝ պաշտպանելու իր տարածքը», - ասել էր Գերասիմովը։
Հաջորդ տարի, ամիսներ շարունակ անողոք օդային հարվածներից հետո, որոնք հողին էին հավասարեցնում քաղաքները և որոնց պատճառով այդ գործողությունների հրաման տված ռուսական ուժերի հրամանատարը «Գեներալ Արմագեդոն» մականունը ստացավ, սիրիական բանակը կարողացավ առավելություն ստանալ: Ռուսական ուժերը, որոնց թվում կային նաև «Վագներ» խմբի վարձկաններ, 2018 թվականին բախվել են Արևելյան Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժերի հետ:
Ըստ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գնահատումների՝ Սիրիայում Ռուսաստանի միջամտության գագաթնակետին՝ մոտավորապես 2017 թվականին, նրա այդ երկրում տեղակայված մարտական և օժանդակ զորքերի՝ ներառյալ վարձկան ուժերի թիվը հասնում էր մոտ 6 հազարի։
Այդ ցամաքային ուժերի մեծ մասն օգտագործվել է Սիրիայի բանակին խորհուրդ տալու համար, սակայն հրամանատարները նաև տեղակայել են ռուսական հրետանային և զրահատեխնիկա, ինչպես նաև հատուկ ուժեր՝ սիրիական հետևակայիններին աջակցելու համար, հատկապես 2016 թվականին, երբ հարձակում էր սկսվել Սիրիայի ամենախոշոր Հալեպ քաղաքը հետ գրավելու համար:
Պարզ չէ, թե որքան մեծ է ներկայիս ռուսական կոնտինգենտը տեղում: YeZh տելեգրամյան ալիքի գնահատմամբ՝ երկրում մնացել է 7 հազար զինվոր:
Ինչ կլինի նավահանգստի հետ (Whither The Warm-Water Port)
Տարտուսը Ռուսաստանի համար ցատկահարթակ էր՝ իր հզորությունը պրոյեկցելու ոչ միայն Սիրիայում և Մերձավոր Արևելքում, այլև Աֆրիկայում և այլուր: 2015 թվականից հետո Ռուսաստանը լայնորեն օգտագործում էր իր Բալթյան և Սև ծովի նավատորմերի նավերը՝ Տարտուս նավահանգիստը ծանր սպառազինությամբ, շինարարական տեխնիկայով և այլ սարքավորումներով մատակարարելու համար։ Կրեմլի հետ կապեր ունեցող գործարարի հետ փոխկապակցված շինարարական ընկերությանը 2019 թվականին կոնտրակտ է շնորհվել՝ նավահանգիստը կառավարելու և ընդլայնելու համար։
Նավահանգստում միաժամանակ կարող են խարսխված լինել 11 նավ, այդ թվում՝ միջուկային էներգիայով աշխատող նավեր: Մի քանի դիզելային-էլեկտրական սուզանավեր մտնում էին նավահանգիստ ևդուրս էին գալիս, երբ օգտագործվում էին «Կալիբր» թևավոր հրթիռներով սիրիական թիրախների հարվածելու համար:
Նավահանգստի ջրի խորությունը թուլ է տալիս ընդունել նաև ավելի մեծ նավեր, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հաճախակի ծաղրվող դրոշակակիր «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը, որը տեղակայված էր Միջերկրական ծովի արևելյան մասում 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում։
Սիրիական ապստամբ խմբերի կողմից Դամասկոսը գրավելուց օրեր առաջ նկատվել է, որ մի քանի նավեր, որոնց մեծ մասը խարսխված էին Տարտուսում, դուրս եկան ծով, ինչը ենթադրություններ առաջացրեց, որ տարհանում է իրականացվում: Պաշտպանության նախարարությունը, սակայն, դեկտեմբերի 3-ին հրապարակել է նավատորմի հրթիռների արձակման կադրերը՝ ասելով, որ զորավարժություններ էին իրականացվում։
«Տարտուսը Ռուսաստանի համար նշանակում էր ծովային հզորություն և քաղաքական ազդեցություն, որը Մերձավոր Արևելքում մեծ մասամբ չէր վիճարկվում և որը թույլ էր տալիս Ռուսաստանին այնտեղ ավելի ծանր քաշային կարգում հանդես գալ», - դեկտեմբերի 8-ին իր բլոգում գրեց բելգիացի նավատորմի պաշտոնաթող սպա Ֆրեդրիկ Վան Լոկերենը:
Տարտուսում գտնվող ռուսական նավերը կարող էին օգտագործվել Սև ծովում Ռուսաստանի գործողություններին օգնելու համար։ Այնտեղ Ռուսաստանի գործողություններն այժմ նույնպես լրջորեն սահմանափակված են Ուկրաինայի կիրառած նորարար մարտավարության արդյունքում: Սակայն միջազգային պայմանագրով ռազմանավերի տարանցումը թուրքական Բոսֆորով արգելված է:
Ռազմաօդային ուժեր
Տարտուսից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հմեյմիմ ավիաբազայում տեղակայվել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը։ Բացի կործանիչներ և ուղղաթիռներ ընդունելուց, այդ ավիաբազան նաև ծառայում է որպես հսկա բեռնատար ինքնաթիռների նպատակակետ։ Այդ ինքնաթիռներով Ռուսաստանից Սիրիա և հակառակ ուղղությամբ մարդուժ և զինտեխնիկա է տեղափոխվում։
Ռուս ինժեներներն ընդլայնել են այդ ավիաբազան 2016-2017 թվականներին՝ երկարացնելով թռիչքուղիները և ընդլայնելով կայանման հնարավորությունները։ Պուտինը չհայտարարված այց է կատարել Խմեյմիմի ավիաբազա 2017 թվականի դեկտեմբերին։ Այնտեղից նա հայտարարել է Սիրիայի ապստամբ ուժերի նկատմամբ հաղթանակը, նրանց «ահաբեկիչներ» անվանելով:
«Եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն, մենք նրանց հարվածներ կհասցնենք, որոնց նմանը նրանք երբեք չեն տեսել»,- ասել է նա այն ժամանակ։
Ըստ 2016 թվականին հրապարակված կիսապաշտոնական զեկույցի՝ Ռուսաստանի օդուժը Սիրիայում ներառում էր ավելի քան երկու տասնյակ Սու-24 և Սու-25 ռազմաճակատային ռմբակոծիչներ և գրոհային ինքնաթիռներ։ Նույն աղբյուր համաձայն, ի թիվս այլ տեխնիկայի, ռուսական օդուժը նաև ուներ առնվազն ութ առաջադեմ Սու-30 կործանիչներ և 12 Մի-24 և Կա-52 հարվածային ուղղաթիռներ:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գնահատականներով՝ 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի հունվարը ռուսական ուժերն իրականացրել են ավելի քան 34 հազար մարտական թռիչքներ, ընդ որում Սու-24 և Սու-34 ինքնաթիռներով, որոնք ծառայել են որպես հիմնական հարվածային ինքնաթիռներ:
Ռուսական ուժերը նաև տեղակայել են փոքր հեռահարության «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռային համակարգեր, ինչպես նաև առաջադեմ հեռահար Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ և այնպիսի փոքր հեռահարության պաշտպանության համակարգեր, ինչպիսիք են «Պանցիր» և «Տոր» համակարգերը: Բոլոր այս համակարգերը կարող են դուրս բերվել Սիրիայից օդով կամ ծովով:
Վերջին օրերին առևտրային արբանյակային պատկերները ցույց են տվել մի քանի ծանր բեռնատար Իլ-76 ինքնաթիռների առկայությունը Հմեյմիմ օդանավակայանի թռիչքուղիներում։ Դա հնարավոր տարհանման մասին ենթադրությունների առիթ է տվել։
Հաշվի առնելով Սիրիայում տեղակայված սպառազինության և տեխնիկայի քանակությունը և այն փաստը, որ Մոսկվայում չեն ցանկանում այդ ամենը թողնել սիրիացի ապստամբներին, զինտեխնիկայի տարհանման համար կպահանջվեն տասնյակ թռիչքներ կամ ծովային բեռնափոխադրումներ: Դժվար կլինի դա թաքցնել, ասում է Կարնեգի հիմնադրամի ռուս զինված ուժերի գծով փորձագետ Դարա Մասիկոտը:
Լաթաքիայից Դոնբաս
Ասադի և նրա զինվորականների փլուզման լավագույն բացատրությունը Դամասկոսի երկու հզոր դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի աջակցության բացակայությունն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դա բացատրվում է Ուկրաինա նրա անողոք ներխուժմամբ, որը սկիզբ դրեց մի պատերազմի, որ արդեն տևում է մոտ երեք տարի ու որի վերջը դեռ չի երևում:
Ըստ արևմտյան գնահատականների՝ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի զոհերի թիվն անցել է 600 հազարը։ Ռուսաստանի տնտեսությունն ահավոր լարվածության տակ է հայտնվել, քանի որ ռազմաարդյունաբերական գործարանները պետք է արագ տեմպերով համալրեն Ուկրաինայի զինված ուժերի կողմից ոչնչացված սպառազինություն ու զինտեխնիկան։
Դա նշանակում է, որ ավելի քիչ մարդկային և նյութական ռեսուրս է մնում՝ Սիրիայի ջանքերին աջակցելու համար:
Կրեմլը դեռևս կարող է համաձայնության գալ ապստամբների ղեկավարության հետ և պահպանել մուտքը Սիրիայում մեկ կամ երկու օբյեկտներ: Բայց եթե նրան դա անել չհաջողվի, ապա ռազմական կամ տնտեսական հզորություն պրոյեկցելու Ռուսաստանի կարողությունը լրջորեն կսահմանափակվի:
Երկու օբյեկտները հիմնական խողովակն էին հյուսիսային և կենտրոնական Աֆրիկայում գաղտնի և բաց ռազմական մատակարարումների, ինչպես նաև մի քանի երկրներում հաճախ կասկածելի հանգամանքներում ստացված եկամուտների համար:
Դա ներառում է այնպիսի վայրեր, ինչպիսին Լիբիան է, որտեղ ռուս վարձկանները և ոչ կանոնավոր զինված ուժերը կռվել են լիբիացի ապստամբ գեներալ Խալիֆա Հաֆթարի կողքին Տրիպոլի նավահանգիստը գրավելու համար 2019 թվականին նախաձեռնած գրոհի ժամանակ:
Ռուսաստանի գործողությունները տարածվել են նաև աֆրիկյան այլ անհանգիստ շրջաններում, ինչպիսիք են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Նիգերը: Այս տարվա հուլիսին Մալիում ռուսական վարձկան ուժերը մեծ կորուստներ կրեցին տուարեգ ապստամբների հետ մարտում:
Փորձագետներն ասում են, որ Ռուսաստանը կարող է որոշ օդային գործողություններ տեղափոխել Լիբիա՝ Միջերկրական ծովով մոտ 1500 կմ դեպի հարավ-արևմուտք: Բայց ծանր զինատեսակներով բեռնված բեռնատար ինքնաթիռներով թռչել Ռուսաստանից Լիբիա լինելու է ավելի դժվար, նույնիսկ եթե ենթադրենք, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայից նման թռիչքների համար թույլտվություն ստանալ:
Ռուս ռազմական բլոգերները անհանգստություն են հայտնել Սիրիայում ռուսական ռազմաբազաների հնարավոր կորստի վերաբերյալ։
«Ռուսաստանի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում թելից է կախված», - իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապեր ունեցող Ռիբար անունով հայտնի բլոգերը։
«Գրեթե անհնար է տարհանել բազաները: Լավագույն դեպքում հնարավոր է տարհանել անձնակազմի, փաստաթղթերի և սարքին վիճակում գտնվող ինքնաթիռների մեծ մասը»,- Ասադի տապալումից առաջ իր տելեգրամյան ալիքում գրել է մեկ այլ բլոգերը, որը հայտնի է FighterBomber անունով։
«Որոշ սարքավորումներ, որոնք դեռ սարքին են, կարող են տեղավորվել և փոխադրվել բեռնատար նավերով, բայց, իհարկե, ոչ բոլորը: Մնացած ամբողջ գույքը կմնա բազաներում», - հավելել է նա:
Հոդվածը պատրաստվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներ Մարկ Կրուտովի և Թոդ Փրինսի նյութերի հիման վրա