Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց կառավարությանը


Ֆրանսիա - Վարչապետ Միշել Բարնյեն ելույթ է ունենում Ազգային ժողովում, 4-ը դեկտեմբերի, 2024թ.
Ֆրանսիա - Վարչապետ Միշել Բարնյեն ելույթ է ունենում Ազգային ժողովում, 4-ը դեկտեմբերի, 2024թ.

Առաջին անգամ 1962 թվականից ի վեր Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնում գործող վարչապետին և նրա նախարարական կաբինետին։ Երեկ ուշ երեկոյան կայացած քվեարկության ընթացքում 577-տեղանոց ֆրանսիական խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը՝ 331 պատգամավոր, կողմ արտահայտվեց Միշել Բարնյեի կառավարության պաշտոնանկությանը։ Քվեարկության արդյունքների հրապարակումը ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը դիմավորեցին ծափահարություններով։

Բարնյեի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ֆրանսիական խորհրդարանի օրակարգում հայտնվեց, երբ գործադիր իշխանությունը, առանց խորհրդարանի հավանության, որոշում կայացրեց 2025 թվականին կրճատել սոցիալական ապահովագրության բյուջեն։ Ընդհանուր առմամբ Բարնյեի կառավարությունը մտադիր էր գալիք տարի բյուջետային ծախսերը կրճատել 40 միլիարդ, իսկ հարկերն ավելացնել 20 միլիարդ եվրոյով։ Միշել Բարնյեի խոսքով՝ բյուջետային ծախսերի կրճատումն անխուսափելի է՝ ինքը լինի վարչապետ թե մեկ ուրիշը։ Ըստ նրա՝ այժմ Ֆրանսիան ստիպված է տարեկան 60 միլիարդ եվրո ծախսել արտաքին պարտքի սպասարկման վրա, ինչն ավելին է, քան երկրի ռազմական բյուջեն։

«Ես իհարկե կգերադասեի փող բաժանել, որն ի դեպ չկա, բայց դրանից իրավիճակը չի փոխվի։ Ուշադիր լսեք ինձ՝ անսվտահության քվեի հետևանքով հրաշք տեղի չի ունենա, և իրականությունը կմնա նույնը», - հայտարարում էր Բարնյեն։

Միշել Բարնյեն վարչապետի պաշտոնում աշխատեց ընդամենը երեք ամիս՝ չկարողանալով անգամ ամփոփել իր գործունեության առաջին 100 օրերը։ Ֆրանսիայի ներքաղաքական զարգացումների առավել հետաքրքրական կողմը, սակայն, այն է, որ երեկ խորհրդարանում ըստ էության միասնական ճակատով հանդես եկան քաղաքական դաշտի երկու ամենաանհաշտ հակառակորդները՝ ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» դաշինքը և Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»։ Քաղաքական երկու ուժերի համոզմամբ էլ՝ երկրում ծագած ճգնաժամի գլխավոր պատասխանատուն նախագահ Էմանյուել Մակրոնն է։

«Մեր քաղաքացիների մեծամասնությունը չի աջակցում ձեր կառավարության որդեգրած կուրսին։ Ձեր կառավարությունը ձախողվեց, որովհետև այն ադպես էլ չկարողացավ հրաժարվել մի քաղաքականությունից, որը ձեզ էր պարտադրվել այս իրավիճակի իրական մեղավորի՝ Էմանյուել Մակրոնի կողմից», - հայտարարում էր ձախ պատգամավոր Էրիկ Կոկրելը։

Մակրոնին կոշտ քննադատության է ենթարկում նաև աջերի առաջնորդ Մարին Լը Պենը՝ կասկածելով՝ արդյո՞ք նախագահը կկարողանա պաշտոնավարել մինչև իր երկրորդ ժամկետի ավարտը։

«Ես չեմ պնդում, ես չեմ պահանջում Մակրոնի հրաժարականը։ Ես միայն ասում եմ՝ կգա մի պահ, երբ նա ստիպված կլինի հետևել ընտրողների, քաղաքական ուժերի պահանջին։ Հակառակ դեպքում Մակրոնի վրա գործադրվող ճնշումը գնալով կաճի», - TF1 հեռուստաընկերության եթերում հայտարարում էր Մարին Լը Պենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG