Մատչելիության հղումներ

Իրավաբանները վարորդներին աշխատանքից հեռացնելը հակաօրինական են համարում


Գործադուլ իրականացրած վարորդներն, ովքեր հեռացվել են աշխատանքից, այսօր երեկոյան «Երևանի ավտոբուս» են հրավիրվել: Ինչպես կհանգուցալուծվի խնդիրը, դեռևս պարզ չէ, սակայն քաղաքապետարանն արդեն D կարգի վարորդների գտնելու հայտարարություն է տարածել:

«Բավ է», - Երևանի քաղաքապետի արձագանքն է «Երևանի ավտոբուս» ընկերության 32 վարորդ հեռացնելուն: Տիգրան Ավինյանը կոմպրոմիսի չգնաց, պատժիչ գործողությունների անցավ ոչ թե գործադուլից հետո, այլ դրա ընթացքում։

Արդեն այսօր Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է՝ շարժակազմերը դուրս են եկել երթուղիներ, վստահեցնում են քաղաքապետարանից։

«Ինչպես տեսաք, այդ 32 վարորդի ազատումով կարելի է ասել նաև լուծվեց այսօրվա երթևեկության հարցը», - նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Աշխատանքից ազատման հիմքում քաղաքային իշխանությունը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներն է դնում, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

«Գործադուլի իրավաչափ լինել կամ չլինելու հարցը որոշում է դատարանը, ոչ թե գործատուն»

Սակայն իրավաբանները վարորդներին աշխատանքից հեռացնելը հակաօրինական են համարում: Աշխատանքային օրենսգիրքը կոպտորեն խախտվում է, ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

«Եթե իրենք ասում են՝ մենք վստահության կորստով աշխատողին հանում ենք, որովհետև աշխատողի գործողությամբ մեզ վնաս է հասցվել, սա ոչ մի կերպ չի վերաբերում աշխատողի աշխատանքային պարտականությունները չկատարելուն, ուրիշ գործողություն պիտի անի, որի արդյունքում վնաս պատճառի, իսկ աշխատանքային պարտականությունները չանելը, դա կարգապահական խախտում է՝ աշխատանքային պայմանների խախտում, որը կարգապահական պատասխանատվության հիմք է», - ներկայացրեց փաստաբանը:

Այո, երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատակիցները գործադուլ անելիս պարտավոր են 14 օր առաջ գրավոր տեղյակ պահել, սակայն փաստաբանն ընդգծեց գործադուլի իրավաչափ լինել կամ չլինելու հարցը որոշում է դատարանը, ոչ թե գործատուն:

Աշխատանքից հեռացումներով, դատախազություն դիմելով քաղաքային իշխանությունն, ըստ փաստաբանի, մեկ խնդիր է լուծում՝ վախեցնել, որ անգամ նրանց փոխարեն աշխատանքի ընդունվողները գործադուլների կամ բողոքի ակցիաների միջոցով չհամարձակվեն աշխատանքային պայմանների հետ կապված խնդիր բարձրացնել:

Քաղաքային իշխանության կողմից դատախազություն դիմելու հարցն ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն Ազգային ժողովում բարձրաձայնեց. «Ի՞նչ կոռուպցիա, կաշառակերություն կա, որ ամբողջ պատասխանատվությունը դրել եք էդ վարորդների վրա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Չէր կարա տենց լիներ, որ թողնեին էդ մեխանիզմն աշխատի, որ վարորդը վերջում դրանից օգտվի, վարորդները կարող է լռության փոքր վճար ստանային, բայց ոչ ավելի: Իսկ էն մարդիկ ում շահերը ոտնահարվել են, պարզ է, պետք է էդ վարորդներին դրդեն»:

Փաստաբանը վստահ է՝ հեռացված աշխատակիցները դատարան դիմելու դեպքում միանշանակ կարող են շահել դատն ու վերականգնվել աշխատանքի, քանի որ անգամ չի պահվել բացատրագիր գրելու ընթացակարգը, որը կարող էր հանգեցնել կարգապահական տույժի։

Իսկ մինչ այս հարցերը պարզ կդառնան, քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր իրար գլխի լցված ուղևորներով ավտոբուսում փորձում էր տրանսպորտի առաջիկա թանկացումը հիմնավորելը, բայց դատելով արձագանքներից, փաստարկներն այնքան էլ համոզիչ չթվացին քաղաքացիներին:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG