Մատչելիության հղումներ

Կոբախիձեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիցքաթափման հույս է հայտնել


Վրաստանի վարչապետը հայտարարում է՝ պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթությունը Եվրամիությանն ինտեգրվելն է։

Վրացական կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ հարաբերությունները «շանտաժի փոխարեն որակապես կբարելավվեն»։ Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքը» արտաքին քաղաքականության հարցում «հավակնոտ պլաններ» ունի։

«Համաձայն մեր նախընտրական ծրագրի՝ մինչև 2028 թվականը մենք պետք է կատարեինք ասոցացման օրակարգով և ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը, և իհարկե այդ խոստումը կիրականանա», - հավաստիացրել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների և Եվրամիության նոր առաջնորդների հետ Թբիլիսիին կհաջողվի բարելավել հարաբերությունները։

«Մենք պետք է անենք ամեն ինչ առողջ հարաբերություններ ապահովելու համար»,- շեշտել է Կոբախիձեն։

Վրաստանի առաջնորդը պնդել է, թե վերջին չորս տարիներին այդ հարաբերություններում «լրջագույն խնդիրներ են ծագել», եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին Վրաստանի համար «արհեստական խոչընդոտներ են ստեղծվել», այժմ էլ, ինչպես հավելել է՝ Վրաստանում «Մայդանի» փորձ է արվում, ինչը իշխանությունը թույլ չի տա։

«Մենք տեսնում ենք, որ եղել է համակարգված և նախապես գրված ծրագիր, և այդ ծրագրի իրականացմանը ներգրավվել է օտարերկրյա ֆինանսավորում... Դա էր պատճառը, որ որոշ մարդիկ չէին ցանկանում, որ թափանցիկության մասին օրենքն ընդունվի, որպեսզի հեղափոխական սցենարները ֆինանսավորվեն», - առանց անուններ և փաստեր հնչեցնելու հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG