Մատչելիության հղումներ

Սիրիայում հակակառավարական զինված խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ


Սիրիա - Հյուսիսային Արիհա գյուղի բնակիչները մարտական գործողությունների հետևանքով լքում են իրենց տները, 28-ը նոյեմբերի, 2024թ.
Սիրիա - Հյուսիսային Արիհա գյուղի բնակիչները մարտական գործողությունների հետևանքով լքում են իրենց տները, 28-ը նոյեմբերի, 2024թ.

Սիրիայում լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները հասել են երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն:

Թուրքիայի աջակցությունը վայելող, տարբեր հաշվարկներով հազարավոր զինյալներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հինգ տասնյակ բնակավայր են գրավել՝ ընդհանուր առմամբ մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։

Այսօր վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Ալ Նեյրաբ սիրիական ռազմական օդանավակայանը, հաղորդվում է տեղում ուղղաթիռի ոչնչացման մասին։ Իսլամիստներին հաջողվել է առգրավել նաև ծանր սպառազինություն, տրանսպորտային միջոցներ, նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող բանակի պահեստներ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորումն առանձին վերահսկողության տակ է վերցրել ավելի քան մեկ տասնյակ բնակավայր, այդ թվում՝ ռազմավարական Ուրմ ալ Սուղրան և Անջարան, ինչպես նաև Հալեպի արևմուտքում գտնվող սիրիական բանակի ամենամեծ՝ 46-րդ բազան, արգելափակելով նաև Հալեպը Դամասկոսի հետ կապող կարևոր միջազգային ճանապարհը։

Սա սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջին տարածքային առաջխաղացումն է 2020-ի մարտից ի վեր, երբ Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում հրադադարի շուրջ պայմանավորվեցին: Անկարան, ի տարբերություն Թեհրանի և Մոսկվայի, աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։

Անակնկալ հարձակումից հետո իր առաջին հաղորդագրությունում սիրիական բանակը հավաստիացնում է, թե ծանր կորուստներ է պատճառել հակառակորդին, այժմ էլ ռուսական և « բարեկամ ուժերի» օգնությամբ փորձում է վերականգնել սեփական կորուստներն ու իրավիճակը:

Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել ջիհադիստների կողմից գրավված տարածքներին՝ թիրախավորելով այդ թվում բնակեցված շրջանները։

Ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվն այս պահին, Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով, հասնում է 242-ի՝ հիմնականում զինյալներ: Խաղաղ բնակիչների շրջանում սպանվել է 24 մարդ, ըստ France-Presse գործակալության՝ մեծ մասը ռուսական օդային հարվածների հետևանքով:

Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապստամբ զինյալների հարվածների թիրախում է հայտնվել Հալեպի համալսարանական շենքերից մեկը, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու ուսանող:

Կրեմլն այսօր առաջին անգամ մեկնաբանելով դաշնակից Ասադի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա լայնածավալ հարձակումը՝ իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս է հայտնել։ Թուրքամետ խմբավորումների հարձակումը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է որպես «Սիրիայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն»։

«Մենք կողմ ենք, որպեսզի Սիրիայի իշխանությունները հնարավորինս արագ կարգուկանոն հաստատեն և վերականգնեն սահմանադրական կարգը», - հայտարարել է Պեսկովը:

Ի դեպ, երեկվանից մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Սիրիայի նախագահ Ասադն է Մոսկվայում, լուրը, սակայն, կողմերը չեն հաստատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG