Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շուտով կհայտարարեն Լիբանանում «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրների:
«Մենք մոտ ենք», բայց «ոչինչ չի արվել, քանի դեռ ամեն ինչ չի արվել»,- Վաշինգտոնում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։
Ֆրանսիայի նախագահականից ասել են, որ հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Երուսաղեմում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան էլ հայտարարել է, որ իսրայելական կողմը երեքշաբթի օրը կհանդիպի «Հեզբոլա»-ի հետ՝ զինադադարը հաստատելու համար:
«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, Եվրամիությունը նրա միայն զինյալ թևն է ներառել իր սև ցուցակում, ոչ քաղաքականը։
Զինադադարի շուրջ առաջնընթացի նշաններին զզուգահեռ Իսրայելը շարունակում է զանգվածային ավիահարվածները Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես Իսրայելն է նշում, «Հեզբոլա»-ի թիրախներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել համաձայնագրի տեսքտի շուրջ Իսրայելի ու Լիբանանի համաձայնության մասին լուրերը։
Այնուամենայնիվ, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին կկայանա կառավարության նիստը, որը կհաստատի տեքստը:
Նախօրեին Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպանն էր հայտարարել, որ Իսրայելի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «մի քանի օրերի ընթացքում»:
Մայք Հերցոգն ասել էր, որ տեքստը վերջնականացնելու մի քանի կետ է մնացել, և որ ցանկացած գործարք պահանջում է կառավարության համաձայնությունը։
Դեռևս չհամաձայնեցված խնդիրների թվում Իսրայելի պահանջն է՝ իրեն վերապահել գործելու իրավունքը, եթե «Հեզբոլա»-ն խախտի ձևավորվող գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Գործարքը նպատակ ունի դուրս բերել «Հեզբոլա»-ի և իսրայելական զորքերին հարավային Լիբանանից:
Գազայից բացի Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին՝ այստեղ էլ «Հեզբոլա» զինյալ խմբավորմանը ոչնչացնելու նպատակով։