Կենտրոնի թաղապետարանում երեկ իրականացված գործողություններից հետո 4 մարդ է կալանավորվել՝ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով:
«Ազատության» տեղեկություններով՝ կալանավորվածներից են վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժին պետ Արսեն Աղաբեկյանն ու իր տեղակալը, թաղապետարանի ևս մեկ աշխատակից, իսկ չորրորդը ենթադրաբար կաշառք տվող քաղաքացին է։ Բաժնի պետը 1 ամսով է կալանավորվել, մյուսները՝ 2։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն «Ազատությանն» ասաց՝ երեք ձերբակալվածները երկարամյա աշխատակիցներ են: Հարցին՝ ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին կասկածներ չի՞ ունեցել, պատասխանեց. - «Այս ամբողջ ընթացքում մենք անընդհատ բացատրական և այլն աշխատանքներ ենք տանում կաշառքի և մնացած այլ արատավոր երևույթների բացասական լինելու մասին։ Մնացածը կասկածել եմ, թե չէ, չեմ կարող պատասխանել»։
Մոտ 7 ամիս առաջ էլ քննիչները Արաբկիրի թաղապետարան էին մտել, ինչից հետո վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը մինչև հիմա անազատության մեջ է: Նախ 30 միլիոն գրավի դիմաց տնային կալանքում էր, հետո տեղափոխվեց կալանավայր: Նրա հետ կալանավորվել էին նաև երկու տեղակալները: Քննչական կոմիտեն շարունակում է գաղտնի պահել, թե ինչ մեղադրանքով են թաղապետ Ազատյանը, նրա երկու տեղակալներն ու ևս մի քանի մարդ կալանավորվել: Բայց փակագծեր են բացում գործով անցնողների փաստաբանները:
«Փինք Բերրի» պաղպաղակի արտադրության համասեփականատեր Լևոն Սաֆարյանի փաստաբանն ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր՝ քննիչները որևէ արժանահավատ ապացույց չեն ներկայացրել, թե Սաֆարյանը միջնորդել է, որ իբր թաղապետ Արամ Ազատյանը կաշառք ստանա: Իսկ Սաֆարյանի անունն, ասել էր, քննիչները ինչ - որ հեռախոսազրույցներում են լսել և արագ իդենտիֆիկացրել, որ «այդ Լևոնը» հենց իր պաշտպանյալն է: Փաստաբանն այսօր քչախոս էր։
«Ազատության մեջ է {պաշտպանյալը}, գործը դատարան չի գնացել, իր նկատմամբ գրավ է կիրառված», - ասաց նա։
Արաբկիրի թաղապետարանի գործով մեղադրյալ է նաև շինարարական «Էլ-Սթրոյ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Գալոյանը, դատարանը, սակայն, մերժել է նրան կալանավորելու՝ քննչականի միջնորդությունը: Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասում է՝ ըստ իրավապահների՝ Գալոյանի ընկերությունը վարչական շրջանի մի քանի շենքերում վերանորոգումներ է արել, հանցավոր համագործակցության պատճառով դրանք թերի են արվել: Գալոյանը չի ընդունում մեղադրանքը։
Կենտրոնի թաղապետարանից, ի դեպ, այս հոկտեմբերին էլ երկու պաշտոնյա էին հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի տեսադաշտում՝ դարձյալ խմբով կաշառք ստանալու մեղադրանքով: «Ազատության» տեղեկություններով՝ նրանք էլ կոմունալ տնտեսության վարչությունից են: