Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա, «Իզվեստիա»-ի ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասախանելով հարցին, թե ՀԱՊԿ-ում իր աշխատանքները սառեցրած Հայաստանը նոյեմբերի 28-ին կմասնակցի՞ Աստանայում կայանալիք նիստին և արդյո՞ք Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։
Կոպիրկինը վստահեցրել է՝ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին`ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։
«Մենք նաև ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար անվտանգության համակարգի մշակման ջանքերին։ Այս գաղափարն առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հարցը բարձրացվել է նաև վերջերս Կազանում՝ BRICS գագաթնաժողովին», - ասել է դեսպանը։
ՀԱԿՊ-ի նոյեմբերի 28-ի նիստին մասնակցելու մասին պաշտոնական Երևանը դեռ չի հայտարարել։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն օրերս Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ կայացած ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարությունից ասել են, որ ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, վերջերս հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Այս տարվա սեպտեմբերին՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հոկտեմբերին Վարշավայում, անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ, ասաց, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը։
«Կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը հիմնված լինի փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա»
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Կոպիրկինն ասել է, որ Մոսկվան շահագրգռված է հնարավորինստ շուտ տեսնելու երկու երկրների միջև տևական խաղաղություն։
«Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառը հետևանքների», - ասել է դեսպանը:
Հարցին, թե Ռուսաստանը դեռ պատրա՞ստ է օգնել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում, դեսպանը պատասխանել է․ - «Մենք հստակ տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է, սակայն Ռուսաստանը պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի վրա։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է բանակցող կողմերն ընտրեն։ Այս առումով մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ տեղի ունեցան, ինչը հնարավորություն տվեց օգտակար ազդակ հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»։
Կազանում հոկտեմբերի վերջին հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։