Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար՝ զբաղեցնելով պաշտոնանկ արված Վահե Ղազարյանի աթոռը։ Դրանից մի քանի ամիս առաջ Արփինե Սարգսյանը հայտարարել էր. - «Նախարարն իր տեղում է, որևէ հրաժարականի մասին խոսք լինել չի կարող»:
30-ամյա Սարգսյանը Ներքին գործերի նախարարի պաշտոնում համակարգելու է Ոստիկանության, փրկարար ու միգրացիոն ծառայությունները: Նա վաղ տարիքից է պետական պաշտոններ զբաղեցրել։ 22 տարեկանում արդեն, 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Արդարադատության փոխնախարարի օգնականն էր։ 2019-2022-ը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, համակարգելով հակակոռուպցիոն մարմինները, ղեկավարել Ոստիկանության բարեփոխումների խումբը, մասնակցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության իրականացմանը, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։ 2022-ի հունվարից վարչապետ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2023- ին՝ Ներքին գործերի փոխնախարար։
Սարգսյանը, որ փոխնախարարի պաշտոնում հաճախ էր խոսում օրենքի գերակայության, ոստիկանության բարեփոխման, ուժի կիրառման ստանդարտների ներդրման կարևորության մասին, արդարացնում էր ոստիկանության գործողությունները, մասնավորապես, երբ հունիսի 12 -ին Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հատուկ միջոցների կիրառման հետևանքով 100-ից ավելի քաղաքացի վիրավորվեց։
«Ոստիկանությունն ունի հնարավորություն գնահատելու տվյալ իրավիճակն ու հասկանալու, թե իր արսենալում գտնվող ինչպիսի միջոցներն են, որ տվյալ դեպքում անհրաժեշտ ու բավարար կլինեն՝ հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու», - ասել էր Սարգսյանը։ Նա միաժամանակ հրաժարվել էր գնահատել նաև ոստիկանների գործողությունները, երբ կարմիր բերետավորներն անցած մայիսին հենց տեսախցիկների առջև ընդդիմադիր պատգամավորի էին ծեծել։
Նորանշանակ նախարարն արդարացնում էր ոստիկանության գործողությունները, երբ նրանք մայիսի 28 -ին պատ կազմելով փակել էին Ամենայն հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Ի դեպ, Արփինե Սարգսյանը ՝ հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման վիճահարույց նախագծի ջատագովներից էր։ Առաջին ընթերցմամբ ընդունված այս օրինագիծը, որը պարտադրում էր տնտեսվարողներին 24 ժամ տեսահսկում ապահովել և ոստիկանության համար էլ օնլայն ռեժիմով հասանելիություն ապահովել, սառեցվեց նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ճնշման ներքո, քանի որ խոչընդոտում էր անձնական կյանքի և այլ իրավունքներին։
Ի դեպ, Ներքին գործերի նորանշանակ նախարարի հայրը՝ Աշոտ Սարգսյանը, Հանրապետականի իշխանության տարիներին մեղադրվել է կոռուպցիոն մի գործի շրջանակներում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախարարի հայրը, լինելով Պաշտպանության նախարարության մատակարար, շուկայականից շատ բարձր գնով է տեխնիկա վաճառել նախարարությանը:
Արփինե Սարգսյանը դեռ Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնում անդրադարձել էր հոր կոռուպիցոն գործին, պնդել, որ նա Վերաքննիչում արդարացվել է և որ ինքը այդ ժամանակ որևէ ազդեցություն դատարանի վրա չի ունեցել։
Արփինե Սարգսյանի նշանակումից բացի, այսօր հայտնի դարձավ ևս մեկ նոր նախարարի թեկնածուի մասին։ Պաշտոնանակ արված Տարածքային կառավարման արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանին այդ պաշտոնում կփոխարինի Արմավիրի մարզպետ, ՔՊ-ական, 33-ամյա Դավիթ Խուդաթյանը։