Պնդումների ֆոնին, թե Ռուսաստանը օգնել է իշխող «Վրացական երազանք»-ին կեղծել հոկտեմբերի 26-ի ընտրությունները՝ հազարավոր քաղաքացիներ «Մենք Եվրոպան ենք», «Վրաստանը քվեարկում է ԵՄ-ի օգտին» գրությամբ պաստառներով նոյեմբերի 11-ին դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։
ԵՄ օրենսդիրների պատվիրակությունը, որ ավելի վաղ հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, մասնակցել է ցույցին։
ԵՄ պատվիրակության կազմում էին Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները։
Դիմելով Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին, Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշել Ռոթը կոչ է արել «չհանձնվել»՝ հայտարարելով․ - «Դուք տեղ ունեք Եվրոպայում»։
2023-ին Վրաստանը ստացավ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն «Վրացական երազանք»-ի քայլերից, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո Բրյուսելը զգուշացրեց՝ երկրի ինտեգրման ճանապարհը վտանգված է։
Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը ընտրություններից հետո հայտարարել է՝ «կան կեղծիքների լուրջ կասկածներ, որոնք լուրջ հետաքննություն են պահանջում»։
Զուրաբիշվիլին ԵՄ պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանի բարեկամ «Վրացական երազանք» կուսակցությունը «գործնականում գրավել է» բոլոր ինստիտուտները և նոր ընտրություններ անցկացնելու կոչ է արել՝ կովկասյան երկիրը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհ վերադարձնելու համար։
Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է գործող «Վրացական երազանք» կուսակցությունը: Ընտրություններից հետո Վրաստանում մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել՝ նոր քվեարկություն անցկացնելու պահանջով։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ ընտրությունների ընթացքում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Թբիլսիիի վերաքննիչ դատարանը մերժել է մի շարք վրացական հասարակական կազմակերպությունների՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին հայցերը։
«Մենք մտնում ենք ճգնաժամ»,- լրագրողներին ասել է երկրի նախագահը, ով ևս հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները։