Մատչելիության հղումներ

Անտեղի մորթված ոչխարներ


Մասիսի սպանդանոցում փչանում է եզդի և հայ ոչխարաբույծների՝ 113 հազար դոլարի հասնող եկամուտը։ Ոչխարի միսը վաճառել են իրանցի գործարարին ու մնացել խաբված՝ գումարը չի տվել, ինքն էլ հիմա Արմավիրի բանտում է Իրանում կատարած խարդախության մեղադրանքով։

Սպանդանոցի մինուս 17 աստիճանն անգամ չի օգնի, ասում է Ռոմիկ Բագոյանն ու պնդում՝ եթե չլիներ Իրանի դեսպանի խոստումը, ոչխարները կմնային գոմերում, չէին մորթի։

Բագոյանն ու 25 այլ ֆերմերներ սարերը թողել ու հուլիսից մայրաքաղաքում տարբեր, այդ թվում՝ Իրանի դեսպանատան դռներ են թակում:

Իրանի դեսպանատան անանուն դիվանագետը, մինչդեռ, ամբողջությամբ հերքում է ոչխարաբույծների պնդումներն ու «Ազատությանը» փոխանցում, որ դեսպանը միայն փորձել է լուծել խնդիրը, բայց վճարի մասին որևէ խոստում չի տվել, դա պարզապես տրամաբանական չէ։

Իսկ ֆերմերները պատմում են՝ իրանցի գործարարի հետ աշխատել են այս տարվանից, սկզբում նորմալ վճարում էր։ Հետո այնքան չի վճարել, որ ընդհանուր պարտքը հասել է 139 միլիոն դրամի։ Իրենք էլ ստիպված դիմել են Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին, խնդրել - պահանջել են, որ օգնի Իրանի քաղաքացի Յուսեֆ Խոդամորադիից ստանալ պարտքը։

«Դեսպանը մեզ խոստացավ, որ Յուսուֆն իր մարդն է, ինքը ինչ-որ լավ ընտանիքի զավակ է, ասաց ես պատասխանատու եմ Յուսուֆ Մուրադիի համար, դուք աշխատեք նրանց հետ, ես եմ էդ գումարի համար պատասխանատու», - նշեց Ռոմիկ Բագոյանը:

Ֆերմերները պնդում են, որ դեսպանի հետ նույն սենյակում տեսել են իրենց խաբած գործարարին։ Դեսպանն էլ հավաստիացրել է, թե նա իր պարտքը կվճարի, առաջարկել շարունակել վաճառքը, իրենք էլ հետ են գնացել, էլի ոչխար մորթել։ Հետո արդեն, երբ դեսպանի հետ հանդիպումից հետո էլ իրանցին հրաժարվել է ու այս նոր ապրանքի համար էլ չի վճարել, հանել են նրա բեռնատարի պետհամարանիշը, որ երկրից դուրս չտանի ապրանքը, ու բերել սպանդանոց։

Սպանդանոցում էլ են հանդիպում ունեցել մի դիվանագետի հետ, բայց՝ ապարդյուն. - «Նա եկել էր, մեզ առաջարկում էր, համոզում էր՝ «էս ռեսը թողեք գնան, մեկ ա արդեն խաբել են ձեզ, 30 հազար դոլար վճարեմ էս բեռի համար, թողեք գնա»:

Օմար Սադոևի կրած վնասը միլիոնների է հասնում. - «Դեսպանը պիտի մեր հարցերին լուծում տար, ինքը առաջարկ արեց, որ կարանք այսուհետ այսկերպ աշխատենք՝ «հնարավորություն տվեք Յուսուֆին, որ կարողանա աշխատի ձեր հետ, էդ աշխատանքի գոյացման արդյունքից, որը շահույթ պիտի ունենար, դրա հին պարտքերից դուրս գա, մի 8-10 միլիոնի կարգի»: Խոսեցիքն, պայմանավորվեցինք, մենք էլ համաձայնվեցինք, որ պիտի աշխատենք, իր վստահության արդյունքում ավելի վատը եղավ, թող գա պատասխանի՝ ինչի՞ տենց արեցին, որ երկրորդ անգամ աչքի տեղը ունքն էլ հանեցին»:

Սուրեն Սիմոնյանը 150 գառ է տվել ու դատարկ նստել։

Դեսպանատուն վերջին այցը արդյունք չտվեց. այս անգամ ոչ մեկը նրանց չընդունեց։

Պարզվում է, որ իրանցի գործարարը հոկտեմբերի վերջից Հայաստանում կալանավորված է Իրանում կատարած խարդախության համար, թե կոնկրետ ինչ է արել ու արդյոք նրան արտահանձնելու են, հայաստանյան իրավապահները չեն մանրամասնում։

Իսկ հայ և եզդի ֆերմերների բողոքի առնչությամբ Հայաստանի քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ այդ դեպքով քրեական գործ կա խարդախության հոդվածով, բայց իրանցի գործարարը այս վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի, դեռ քննում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG