Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և շեշտել, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները «ավելին են, քան պարզապես դաշնակիցներ»։
«Ջերմորեն շնորհավորում եմ Դոնալդ Ջ. Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ», - ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորական ուղերձում: - «Ակնկալում եմ կրկին աշխատել Նախագահ Թրամփի հետ՝ առաջ մղելու տրանսատլանտյան ուժեղ օրակարգ»:
«Եվրամիությունը և ԱՄՆ-ն ավելին են, քան պարզապես դաշնակիցներ: Մեզ կապում է մեր ժողովուրդների միջև իրական գործընկերությունը, որը միավորում է 800 միլիոն քաղաքացիների», - ընդգծում է ֆոն դեր Լայենը:
«Այնպես որ, եկեք աշխատենք միասին տրանսատլանտյան կայուն օրակարգի ուղղությամբ, որը կշարունակի օգուտներ բերել», - գրել է Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարն իր ուղերձում, որը հրապարակված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
Ըստ Միացյալ Նահանգներից ստացված տվյալների՝ այս պահին առաջատարը հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է՝ ընտրիչների 267 ձայնով։ Հարիսը, ըստ այդ տվյալների, ունի 224 ձայն։
Ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է:
Թրամփին շնորհավորել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։