Մատչելիության հղումներ

Իրանը «չի շտապի, բայց և չի ուշացնի» Իսրայելի հարվածի պատասխանը


Իրան - Թեհրանի հրապարակներից մեկում տեղադրված մեծադիր վահանակին պատկերված են, մի կողմից, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, 27-ը հոկտեմբերի, 2024թ.
Իրան - Թեհրանի հրապարակներից մեկում տեղադրված մեծադիր վահանակին պատկերված են, մի կողմից, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, 27-ը հոկտեմբերի, 2024թ.

Թեհրանը չի շտապի, բայց և չի ուշացնի պատասխանել Իսրայելի՝ անցած շաբաթավերջի հարվածին, որի հետևանքով իրանցի չորս զինվոր զոհվեց, հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ երեկ ընդունելով Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին։

«Ինչպես արդեն զգուշացրել ենք բազմաթիվ խողովակներով, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով իր ինքնապաշտպանության օրինական իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության վրա, իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ արձագանքը տալ Իսրայելի կողմից հստակ ագրեսիային։ Իսրայելի վարչակազմն Իրանի կարողության ու կամքի վերաբերյալ սխալ հաշվարկների հետևանքները կտեսնի», - ասել է նա։

Associated Press-ը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք առաջին անգամ ի ցույց են դնում Իրանի այն ռազմական օբյեկտները, որոնք հայտնվել են իսրայելական հարվածների թիրախում։ Դրանցից երկուսը գտնվում են Թեհրանի մերձակայքում, այստեղ Իրանը բալիստիկ հրթիռներ է արտադրում։ «Առայժմ դժվար է ասել՝ որքանով է մեծ եղել վնասը, և արդյոք արտադրությունը խափանվել է, բայց նկարներից հստակ է, որ այս օբյեկտները տուժել են», - գործակալությանն ասել են ռազմական փորձագետները։

Իրան - Արբանյակից արված լուսանկարներում պատկերված է Փարչինի շարժիչների արտադրության ձեռնարկությունը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 27-ին
Իրան - Արբանյակից արված լուսանկարներում պատկերված է Փարչինի շարժիչների արտադրության ձեռնարկությունը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 27-ին

Պաշտոնական Թեհրանն առայժմ պնդում է, թե վնասը լուրջ չի եղել։ Հարվածներից անմիջապես հետո ու նաև այսօր Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է՝ «հարձակողական համակարգերի, այդ թվում՝ հրթիռների արտադրության հարցում ոչ մի խափանում չի եղել»:

Գեներալ Ազիզ Նասիրզադե, արխիվ
Գեներալ Ազիզ Նասիրզադե, արխիվ

Լուսանկարներից, սակայն, երևում է, որ վնասվել է նաև Իրանի՝ հրթիռների արտադրությամբ զբաղվող ամենամեծ՝ Շահրուդի տիեզերական կայանը, որի հրթիռակոծության մասին Թեհրանը մինչ այս պահը որևէ բան չի հաղորդել։

Ըստ The New York Times-ի, շարքից հանվել են նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ապահովում էին մի շարք՝ ռազմավարական նշանակության նավթային ու գազային գործարանների անվտանգությունը։ Այս օբյեկտների վերականգնումը կարող է ամիսներ պահանջել՝ հետաձգելով Իրանի հնարավոր պատասխանն Իսրայելին։

Իրան - Արխիվային արբանյակային լուսանկարում C-300 հակաօդային պաշտպանության համակարգն է Սպահանի մոտ
Իրան - Արխիվային արբանյակային լուսանկարում C-300 հակաօդային պաշտպանության համակարգն է Սպահանի մոտ

Մյուս կողմից, երկրում մտավախություն կա, որ հարվածն ուշացնելու դեպքում Իրանն Իսրայելի համար կդառնա Սիրիա, որին իսրայելական զինուժը պարբերաբար է հարվածներ հասցնում։ «Իրանում ներքին ճշում կա՝ առավել ագրեսիվ կերպով հակադարձել Իսրայելին, և եթե նրանց ձայնը որոշիչ դառնա, ողջ տարածաշրջանը կարող է պայթել։ Ամերիկան այդ տարածաշրջանում զորք ունի, որ տեղակայված է հիմա Իսրայելում։ Եթե ամերիկացի զինվորներից մեկը վիրավորվի կամ զոհվի, սա անմիջականորեն կներքաշի Միացյալ Նահանգներին հակամարտության մեջ, ինչը շատ վտանգավոր շրջադարձ է», - Reuters-ին ասել է Ալֆրեդ Դիկինի համալսարանի մերձավորարևելյան հարցերով փորձագետ Շահրամ Ախբարզադեն:

Չդադարող այս լարվածության ֆոնին երեկ Թեհրանը հայտարարեց, թե եռապատկում է ռազմական բյուջեն։ «Այն կավելանա 200 տոկոսով։ Բոլոր քայլերը ձեռնարկվում են երկրի պաշտպանական կարիքները բավարարելու համար», - տեղեկացրել է Իրանի կառավարության խոսնակը։ Այլ մանրամասներ Թեհրանը չի հայտնում, սակայն Ստոկհոլմի Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալներով, միայն անցած տարի Իրանը ռազմական նպատակների վրա մոտ 10.3 միլիարդ դոլար է ծախսել։

«Եթե փորձեն կրկին հարվածել Իսրայելին, մեր պատասխանը շատ ավելի ավերիչ կլինի», - երեկ սպառնացել է Իսրայելի զինված ուժերի շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին, ընդգծելով. - «Մեր հարվածներն այս անգամ կլինեն շատ, շատ ուժգին։Հարցը փակված չէ։ Մենք դեռ կես ճանապարհին ենք»:

Նույն՝ ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, Իսրայելն էլ է ավելացրել ռազմական ծախսեր՝ մոտ 25 տոկոսով։ Միայն անցած տարի այդ երկրիը 27.5 միլիարդ դոլար է ծախսել բանակի վրա, այս ցուցանիշով դառնալով երկրորդը տարածաշրջանում՝ էներգակիրներով հարուստ Սաուդյան Արաբիայից հետո։ Սեփական բյուջեից բացի, Իսրայելը նաև հսկայական ռազմական օժանդակություն է ստացել իր մերձավոր դաշնակից Միացյալ Նահանգներից։ Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի՝ մեկ տարի առաջ սկսած պատերազմից ի վեր Ամերիկան առնվազն 12.5 միլիարդ դոլարի օժանդակություն է հատկացրել Իսրայելին՝ ռազմական կարողություններն ամրապնդելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG