Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում քննարկում են ԼՂ հայերի վերադարձի թեմայով խաղաղության համաժողով կազմակերպելու հարցը


2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը դուրս են գալիս Արցախից, 25-ը սեպտեմբերի, 2023թ․
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը դուրս են գալիս Արցախից, 25-ը սեպտեմբերի, 2023թ․

Շվեցարիայի Դաշնային խորհրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու առաջարկով դիմել է կառավարությանը։

Ընդունված բանաձևով խորհրդարանականները կոչ են անում համաժողովը կազմակերպել որքան հնարավոր է շուտ՝ մեկ տարվա ընթացքում։

Համաժողովի նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև պատմական հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ բաց երկխոսությունը՝ միջազգային դերակատների հսկողությամբ կամ ներկայությամբ»։

Խորհրդարանականները հիշեցնում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որը պարտավորեցրեց Ադրբեջանին պահովել այն մարդկանց վերադարձը, որոնք սեպտեմբերի 19-ից հետո հեռացել են Լեռնային Ղարաբաղից, եթե նրանք նման ցանկություն ունեն: Ընդ որում՝ Ադրբեջանը դա պետք է աներ արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների։

Նրանք նաև հիշեցրել են Եվրախորհրդարանի այս տարվա մարտի 12-ի բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին թափանցիկ երկխոսության գնալ Ղարաբաղի հայերի հետ։

Նախագծի հեղինակներն ընդգծել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու համար բանակցային նոր ձևաչափի անհրաժեշտությունը՝ նկատելով՝ «աշխարհաքաղաքական լարվածության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողություններն այսօր խիստ սահմանափակ են»։

Խորհրդարանականները նաև ընդգծել են Շվեյցարիայի հաջող փորձը որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում՝ հիշեցնելով, որ 2009-ի հոկտեմբերին հենց «Շվեյցարիայի միջնորդությամբ են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք ուղղված էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Անցած տարվա սեպտեմբերյան հարձակումից հետո, երբ Արցախն արդեն հայաթափվել էր, Ադրբեջանը վերաինտեգրման ծրագիր ներկայացրեց։ Դրանում խոստացել էին պաշտպանել Ադրբեջանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստացող հայերի իրավունքները՝ մասնավորապես թույլ տալ կիրառել մայրենի լեզուն, ապահովել կրոնական ազատությունը, պահպանել մշակութային, կրոնական հուշարձանները։ Այս խոստումներին հետևած ամիսներին, սակայն, ադրբեջանական իշխանությունները վնասեցին Լեռնային Ղարաբաղի մի շարք հուշարձաններ, Ստեփանակերտում հիմնահատակ քանդեցին Ազգային ժողովի շենքը՝ կասկածի տակ դնելով Ալիևի վերաինտեգրման ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG