Մատչելիության հղումներ

Պուտինը Թուրքմենստանում է, կհանդիպի նաև Փեզեշքիանի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։

Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության`Վլադիմիր Պուտինն Աշխաբադում կմասնակցի «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով համաժողովին։

Նա կհանդիպի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Համաժողովը նվիրված է թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածող Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին։ Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան տասը պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Վերջին անգամ Պուտինն Աշխաբադում է եղել 2022 թվականի հունիսին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հաղորդել էր, որ Փեզեշքիանի հետ Պուտինը կքննարկի երկկողմ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Սա Ռուսաստանի և Իրանի նորընտիր նախագահի առաջին հանդիպումը կլինի։

Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել նաև երկկողմ այլ շփումները։

Իրանը 2024-ի ընթացքում արդեն երկրորդ անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելին։ Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողություններ է իրականացնում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման դեմ և նաև սպառնում է պատասխան հարված հասցնել Իրանին։

Արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են նաև Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ ԱՄՆ վարչակազմն արդեն մի քանի ամիս է՝ զգուշացնում է Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու հետևանքների մասին։ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ։ Իրանի իշխանությունները հերքում են Մոսկվային Ուկրաինայի պատերազմի համար զենքի տրամադրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG