Ո՞վ կդառնա արդարադատության հաջորդ նախարարը. նախագահը վարչապետի առաջարկով Գրիգոր Մինասյանին այսօր ազատեց պաշտոնից։ Իշխող թիմը դեռ մինչև նրա ֆորմալ պաշտոնանկությունն էր սկսել նոր նախարարի թեկնածության քննարկումը։
Վարչության անդամները տեսախցիկների առջև հրաժարվում են անուններ հրապարակել, բայց «Ազատության» տեղեկություններով՝ չորս թեկնածություն է առաջադրվել՝ Արփինե Դավոյանինը, Արուսյակ Ջուլհակյանինը, Վլադիմիր Վարդանյանինը, Հերիքնազ Տիգրանյանինը։
«Որոշում չկա որպես այդպիսին, շրջանառվող անունների մասով մեկնաբանություն տալ չեմ կարող, որովհետև վարչության նիստերը իրականացվում են խորհրդապահական ռեժիմով, ու դրան հաջորդող մամուլի հաղորդագրությունից զատ ոչինչ ենթակա չէ հանրայնացման», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե որոշումը երբ կլինի. - «Դա չեմ կարող ասել, ենթադրաբար մյուս նիստում վարչությունը գուցեև թեկնածություն կներկայացնի վարչապետին, ենթադրաբար: Բայց չեմ կարող պնդել, կարող է այնպես լինի, որ այդպես էլ չլինի, դա էլ չստացվի, էլի, այսինքն՝ մյուս նիստին էլ չլինի»:
Ալեքսանյանը հրաժարվեց անդրադառնալ շրջանառվող անուններին, բայց, նրա խոսքով, իշխող կուսակցության վարչությունը ևս մեկ անգամ կանդրադառնա թեկնածուի հարցին՝ ամենայն հավանականությամբ, հաջորդ երեքշաբթի օրվա նիստում:
ՔՊ-ի անդամ պատգամավորներից ո՞վ կդառնա արդարադատության հաջորդ նախարարը
Շրջանառվող թեկնածուներից միայն Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց, ասաց՝ «չի պատրաստվում առաջադրվել»։
Ո՞ւմ կընտրի վարչությունը։ Իշխող կուսակցությունը հարցը թեական է թողնում. հրապարակայնացնում են, որ թեկնածություններ են քննարկել, ու որոշում չի կայացվել։
Փետրվարին, օրինակ, նույն այդ օրը հայտարարեցին, որ քննարկել ու հավանության են արժանացրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Գևորգ Պապոյանի թեկնածությունը։
ՔՊ-ում տրամադրություններն այնպիսին են, որ նոր նախարարը պետք է «թիմի անդամ լինի»։ Բոլոր պատգամավորները, ում անունները շրջանառվում են, ՔՊ-ականներ են: Բացի Արփի Դավոյանից մյուսները իրավաբանական կրթություն ունեն։
Հովիկ Աղազարյանը համամիտ է՝ նոր նախարարը պետք է կուսակցական լինի. - «Նրանք, ովքեր որ մեր թիմից են, հեշտ է իրենց հետ: Երբ որ գտնում ենք, որ իրենք, բոլոր դեպքերում, այսինքն՝ այդ պաշտոնում նշանակվելուց չեն կարողանում այդ պաշտոնին համապատասխան իրենց գործունեությունը ծավալել, և երբ որ առաջարկում են մեկ այլ պաշտոն, իրենք ո՛չ խռովում են, ո՛չ նեղանում են: Այ էստեղ է թիմի առանձնահատկությունը»:
Գրիգոր Մինասյանն ինքը հրաժարականի դիմում ներկայացրեց, բայց այդ որոշմանը նախորդել էր նրան պաշտոնանկ անելու հարցով ՔՊ-ականների ստորագրահավաքը։
Իշխանականներն այդպես էլ մեկ կոնկրետ պատճառ չնշեցին՝ ինչո՞ւ էին դժգոհ երեկ հրաժարական տված արդարատության նախարար Գրիգոր Մինասյանից։ Մեկին չէր գոհացրել կադրային քաղաքականությունը, մյուսին՝ ընդհանուր արդարադատության ոլորտի զարգացումները, երրորդը պատճառների մասին հրաժարվում էր խոսել։ Պաշտոնավարումից գրեթե երկու տարի անց անհանգստությամբ հիշել էին նաև, որ Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա, այժմ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի եղբայրն է:
Լրիվ նոր վարկած առաջ քաշեց Հովիկ Աղազարյանը. - «Կալանքների թիվը աճում է, և նախարարությունը պարտավոր է էդտեղ ինչ-որ իմաստով քաղաքականություն իրականացնի, և շատ կալանքներ, ասենք, տպավորություն է ստեղծվում, որ օգտագործվում է որպես ճնշման միջոց: Դրա դեմ պայքարել ենք ամբողջ կյանքում»:
Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակներից մեկն, ի դեպ, «Ազատության» տեղեկություններով, պատգամավոր Արփինե Դավոյանն էր, ում անունը հիմա թեկնածուների շարքում է։