Մատչելիության հղումներ

Հայաստանը չի շտապում Լիբանանից տարհանում իրականացնել


Լիբանան - Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի Լայլաքի հարավային թաղամասում, 1-ը հոկտեմբերի, 2024թ.
Լիբանան - Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի Լայլաքի հարավային թաղամասում, 1-ը հոկտեմբերի, 2024թ.

Իսրայելի շարունակվող ցամաքային գործողության, մայրաքաղաք Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների պայմաններում Հայաստանը չի շտապում տարհանում իրականացնել, նաև իր քաղաքացիներին երկիրը լքելու կոչ դեռ չի արել։ Հենց տեղացիները՝ բեյրութահայերը, «Ազատության» հետ զրույցում այս պահին էվակուացիայի անհրաժեշտությունը չէին տեսնում։

Բայց մի քանի պետություններ կա՛մ հորդորորում են լքել երկիրը, կա՛մ տարհանման ծրագրեր ունեն։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չարթերային չվերթով վաղը դուրս կբերի իր քաղաքացիներին։ Գերմանիայի իշխանությունները երեկ՝ դեռ մինչև իսրայելական ցամաքային գործողությունը, շարունակվող թիրախավորման պայմաններում սկսեցին դեսպանատան աշխատակիցների, Գերմանիայի քաղաքացիների տարհանումը։

Միացյալ Նահանգները Պետդեպարտամենտի կայքում հատուկ զգուշացում է զետեղել՝ խորհուրդ տալով լքել Լիբանանը, ներառյալ՝ Բեյրութը, անկանխատեսելի համարելով «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության զարգացումը։ Նաև մեկնել ցանկացողներին օգնություն են առաջարկել:

«Ճգնաժամերի կուտակումը, քաղաքական անորոշություն, ֆինանսատնտեսական տագնապ, անվտանգային խնդիրներ, ռազմագործողություններ և դրանից բխած՝ փախստականների ալիքի ձևավորում, իր հետ բերելով կենցաղային, սոցիալական խնդիրներ», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը երեկվա դրությամբ տարհանման անհրաժեշտություն չէր տեսել՝ հիմնավորելով, որ հայաբնակ շրջաններն անմիջականորեն վտանգված չեն։ Լիբանանի հայ համայնքի թիվը հստակ չէ, ըստ տեղացիների՝ կարող է անցնել 100 հազարը, տարիներով շարունակվող էսկալացիայի պայմաններում նրանց մի քանի տասնյակ հազարը նաև Հայաստանի քաղաքացիություն է ստացել։

Չնայած բեյրութահայերին անվտանգությունը խիստ անհանգստացնում է, բայց այսօրվա դրությամբ, ասում էին, իրենք էլ տարհանման կարիք չեն տեսնում։ «Ազդակ»-ի խմբագիրը Բեյրութից փոխանցեց՝ իսրայելական գործողություններից տուժածների մեջ հայեր չկան։

«Չի բացառվում, որ հայ անհատներ, գործարարներ գնում էին դեպի հարավ կամ Բեյրութի հյուսիսային արվարձաններ, բայց այդպես կազմակերպ համայնք ռազմական գոտիների անմիջական աշխարհագրությամբ [չկա]: Այս պահի դրությամբ ես էլ չեմ տեսնում տարհանման կարիք, բայց չի բացառվում, որ դեպքերի ավելի ծավալային տեքստ ստանալուց հետո չնախաձեռնվի նման գործողությունները», - ասաց Գանտահարյանը:

Կրթօջախները՝ այդ թվում դպրոցներ-մանկապարտեզները փակ են, պետական հաստատությունները լիարժեք չեն աշխատում, նաև մինչև վաղը եռօրյա սուգ է հայտարարված «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության կապակցությամբ։

Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանը պատմեց, որ Լիբանանի հարավից՝ իսրայելական ցամաքային գործողության վայրից, ու Բեյրութի ռմբակոծվող արվարձաններից փախստականների մեծ հոսք կա մայրաքաղաքի ավելի ապահով թաղամասեր, նրանց տեղավորում են պետական դպրոցներում, կրթական մյուս հաստատություններում։ Բուրջ Համուդ հայկական թաղամասում 4-5 պետական դպրոց կա, այնտեղ ևս փախստականներ են ապաստանել, հայկական դպրոցները դեռ այդ նպատակով չեն օգտագործվում։ Բայց հայ համայնքը մտածում է նրանց սոցիալական աջակցություն տրամադրելու մասին։

«Իրենք հիմա մտել են պետական դպրոցները: Ներկա վիճակով՝ հայ համայնքին որևէ մեկ, ըստ իս, սպառնացող իրավիճակ չկա: Տարհանման անհրաժեշտություն հայ համայնքի համար ներկա վիճակով չենք տեսնում, պարզապես իրենց էլ պետք է սոցիալական օգնություն ցուցաբերենք, քանի որ վիճակը գնալով թեժանում է», - ասաց Դաքեսյանը:

Բեյրութի օդանավակայանն աշխատում է, բայց տեղականներից բացի, ըստ «Ազդակ»-ի խմբագրի, մնացած բոլոր ավիաընկերությունները չեղարկել են չվերթները։

«Փախստականների հոսքը լիբանանյան տարբեր շրջաններից համեմատաբար ավելի հանգիստ, ռազմական գոտիներից հեռու, բայց նաև դեպի Սիրիա: Միլիոնավոր սիրիացի փախստականներ էին ապաստանել Լիբանանում, հիմա փախստականների հոսքը հակառակ ուղղությամբ է: Հրադադարից խոսում են առնչվող երկրներ, գլխավոր խաղացողներ, բայց Իսրայելի նախապայմանները, որ «Հեզբոլա»-ի զորքերը ոչ միայն պիտի հետ քաշվեն դեպի հյուսիսային շրջան, այլ նաև պետք է «Հեզբոլա»-ն զինաթափվի, այս պայմաններում դեռևս տեսանելի չէ զինադադարը», - նշեց Գանտահարյանը:

Բեյրութի արվարձանների գիշերային ռմբակոծությունը, ըստ Ավետիս Դաքեսյանի, հայկական թաղամասերում հստակ լսելի է եղել՝ ռմբակոծվող հատվածներից մոտ 10 կիլոմետրի վրա է Բուրջ Համուդը:

«Լսում ենք լուրերով, որ թեթևացած է հիմա, միայն իրենց շրջաններն են ռմբակոծում, կարելի եղածի չափ մի ժամ առաջ բարձրախոսներով ասում են, որ այս շրջանների ժողովուրդը թող հեռանան», - փոխանցեց Դաքեսյանը:

Ի դեպ, Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին՝ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մաս կազմող հայկական զորախումբը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է ծառայություն իրականացնում։

Հենց ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հաղորդագրությամբ այսօր փոխանցեցին՝ ունեն արտակարգ իրավիճակների պլաններ, որոնք պատրաստ են գործադրել խիստ անհրաժեշտության դեպքում: Բայց նաև շեշտել են՝ խաղաղապահների անվտանգություն առաջնային է, և բոլոր դերակատարներին հիշեցրել այն հարգելու պարտավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG