Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»:
Հայտարարությունում նշվում է, որ թիրախները «գտնվում են սահմանին մոտ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում իսրայելական բնակավայրերի համար»։
Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։
«Հեզբոլա»-ը պարբերաբար հրթիռային հարձակումներ է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, որի հետևանքով տասնյակ հազարավոր իսրայելցիներ ստիպված են եղել լքել իրենց տները երկրի հյուսիսում։
Բեյրութում ուժգին պայթյուններ են եղել նաև երկուշաբթի ուշ երեկոյան, իսրայելական ուժերը թիրախավորել են «Հեզբոլա»-ի հենակետը քաղաքի հարավային արվարձաններում: Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ զգուշացրել էր տարհանել հարավային Բեյրութի երեք շրջանների բնակիչներին:
Ըստ New York Times-ի՝ ցամաքային գործողություններն իրականացվում են փոքր խմբերով, անհրաժեշտության դեպքում ավելի մեծ զորախմբեր կներգրավվեն։
Գործողությունների ծրագիրը հաստատվել է երկուշաբթի ուշ երեկոյան՝ Իսրայելի կառավարության նիստում։
Այս ֆոնին շարունակվում են Իսրայելին ուղղված զինադադարի կոչերը: