Թուրքիայի իշխանություններից կաշառք վերցնելու մեջ կասկածվող Նյու Յորքի քաղաքապետին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց:
Տասն ամիս տևած լայնածավալ հետաքննության ընթացքում, ինչպես պնդում է մեղադրող կողմը, ԱՄՆ իրավապահների կասկածները հաստատվեցին՝ Էրիկ Ադամսը ծանր հանցագործություններ է կատարել՝ կաշառակերություն, օտարերկրյա ֆինանսական նվիրատվություններով իր նախընտրական քարոզարշավի անօրինական կազմակերպում, ընդ որում՝ այդ ամենն արել է գիտակցաբար և փորձել է իր ապօրինի քայլերը թաքցնել, երեկ ներկայացնելով 57-էջանոց մեղադրանքը պնդում էր ԱՄՆ դատախազ Դամիան Ուիլյամսը:
Դատախազների խոսքով, Ադամսը թանկարժեք նվերներ է ստացել Թուրքիայի պաշտոնյաների և թուրք գործարարների կողմից՝ օգտվել է Turkish Airlines-ի ճամփորդական արտոնություններից, Ստամբուլի St. Regis շքեղ հյուրանոցային համարներից, ճաշկերույթներ բարձրակարգ ռեստորաններում, այդ ամենի դիմաց, օգտագործելով զբաղեցրած պետական պաշտոնը, հօգուտ Թուրքիայի իշխանությունների որոշումներ կայացրել:
«Մենք նաև պնդում ենք, որ քաղաքապետն ավելի քան 100 հազար դոլարի շքեղ ճամփորդական արտոնություններ է խնդրել և ընդունել նույն օտարերկրյա դերակատարներից, ովքեր կազմակերպել են քարոզարշավի ապօրինի ներդրումները: Այդ վարքագիծը, օտարերկրյա փողերը, կորպորացիաների գումարները, կաշառքը, տարիներով այդ ամենը հասարակությունից թաքցնելը վստահության կոպիտ խախտում է», - հայտարարեց դատախազ Ուիլյամսը:
Հաստափոր քրեական գործի կենտրոնում ամերիկյան խոշորագույն քաղաքում կառուցված Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքն է, որն, ըստ մեղադրական եզրակացության, շահագործման է հանձնվել խախտումներով։
Դատախազները պնդում են, որ Մանհեթենում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի հանդիպակաց մայթին գտնվող 36-հարկանի շինությունը չէր համապատասխանում հակահրդեհային անվտանգության կանոններին, սակայն Ադամսը 2021 թվականի ամռանը, Բրուկլին շրջանի ղեկավարի պաշտոնում, ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավարների վրա՝ ստիպելով նրանց չարգելափակել թուրքական պետությանը պատկանող շենքի շահագործման պաշտոնական թույլտվության տրամադրումը։ Ամերիկյան մամուլը գրում էր՝ Ադամսը պետք է շտապեր, քանի որ շաբաթներ անց աշխատանքային այցով ԱՄՆ էր ժամանելու Ռեջեփ Էրդողանը, որն էլ անձամբ էր կտրելու հյուպատոսության կարմիր ժապավենը։
Թուրքական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի այդ ջանքերը՝ ձեռնամուխ լինելով Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Ադամսի ընտրարշավի ֆինանսավորմանը ամերիկյան մի ընկերության միջոցով։
Պաշտոնական Անկարան Թուրքիայի իշխանություններին վերագրվող կոռուպցիայի, երկրի ներքին գործերին միջամտելու մեղադրանքներին մինչ այս պահը չի արձագանքել։
Փոխարենը, իր անմեղության մասին է հայտարարում ոստիկանության նախկին կապիտան Ադամսը, որը դարձավ Նյու Յորքի պատմության մեջ 110 քաղաքապետերից առաջինը, ով ամբաստանյալի աթոռին է հայտնվում պաշտոնավարման ընթացքում:
Առայժմ հստակ չէ, թե դատարանը խափանման ինչ միջոց կկիրառի Նյու Յորքի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։
Մինչ այդ, դեմոկրատ կուսակիցների հրաժարական կոչերի ֆոնին երեկ Էրիկ Ադամսը ելույթ ունեցավ իր պաշտոնական նստավայրում և հայտարարեց, որ ինքն անմեղ է, խստորեն կատարում է օրենքի բոլոր պահանջները, ինչն էլ կապացուցի դատարանում:
«Եվ ես անհամբերությամբ սպասում եմ ինձ և այս քաղաքի մարդկանց պաշտպանելու հնարավորությանը, ինչպես արել եմ իմ ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում», - ասաց Ադամսը:
Մեղադրական եզրակացությունը՝ 2014 թվականից Ադամսին վերագրվող հանցագործությունների թվարկմամբ, որոնց փաստական ապացույցներն էր երեկ ներկայացնում ԱՄՆ դատախազը, դժվար կլինի վիճարկել, կարծում է Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Բրիֆոլը:
«Դժվար է տեսնել, թե ինչպիսի պաշտպանություն կլինի։ Նա կարող է պնդել, որ այդ ամենը սխալ է՝ չնայած կառավարության պնդումները բազմաթիվ փաստեր ունեն, որոնք ցույց են տալիս, որ դրանք օտարերկրյա ծագման են ... դժվար է հասկանալ, թե ինչպիսին կլինի պաշտպանությունը», - Reuters-ին ասել է իրավական հարցերով մասնագետը: