Մատչելիության հղումներ

Հայաստանի ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլար


Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

2025 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագծով երկրի Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել մոտ 664.6 մլրդ դրամ (ավելի քան 1.7 մլրդ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):

2024 թվականի պետական բյուջեով ռազմական ծախսերը պիտի կազմեն մոտ 554 մլրդ դրամ (շուրջ 1.44 մլրդ դոլար): Ռազմական ծախսերն, այսպիսով, պլանավորվում է ավելացնել մոտ 110 մլրդ դրամով՝ շուրջ 20 տոկոսով կամ մոտ 286 մլն դոլարով:

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025-ին ռազմական բյուջեի զգալի մասը ծախսել ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի սպառազինության գնման համար։ Կառավարության հրապարակած փաստաթղթում, սակայն, չի նշվում, թե կոնկրետ որքան դրամ է տրամադրվելու այս ծախսերի համար։

Մինչդեռ այլ ծախսերի մասով հստակ թվեր են գրված։ Օրինակ՝ 2025-ին 1.72 մլրդ դրամ է հատկացվելու արտասահմանյան բուհերում ուսման և վերապատրաստումների համար, 1.4 մլրդ դրամ՝ զինվորական հոսպիտալների և բժշկական կետերի սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար։

Ավելի քան 940 մլն դրամ էլ նախատեսվում է տրամադրել օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորմանը։

Մոտ 321 մլն դրամ էլ ականապատ տարածքների ուսումնասիրման ու քարտեզագրման աշխատանքներին է տրամադրվելու։

Բյուջեի նախագիծը գործադիրն այսօր ուղարկեց Ազգային ժողով:

Ադրբեջանի ռազմական ծախսերը 2025-ին, բյուջեի նախագծի համաձայն, կկազմեն մոտ 3.6 մլրդ դոլար:

Օրերս Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին երկրի պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG