Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների գործով անցնող Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական գործ հարուցվեց։ Սա ամերիկյան խոշորագույն քաղաքի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող քաղաքապետը հայտնվում է ամբաստանյալի աթոռին։
Ադամսին ներկայացված մեղադրանքները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել, Associated Press-ի տվյալներով, դա կարող է տեղի ունենալ այսօր։
Ավելի վաղ հայտնի է դարձել Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից քաղաքապետի և նրա մի խումբ ենթակաների նկատմամբ իրականացվող լայնածավալ հետաքննության մասին։
Ամերիկյան իրավապահները կասկածներ ունեն, որ Ադամսը 2021 թվականի ամռանը, Բրուկլինի թաղապետ աշխատելու ընթացքում, ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավարների վրա՝ ստիպելով նրանց չարգելափակել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության նոր շենքի շահագործման պաշտոնական թույլտվության տրամադրումը։ Դրա դիմաց, ըստ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների, թուրքական իշխանությունները Բրուկլինում գործող շինարարական ընկերություններից մեկի միջոցով ֆինանսավորել են Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Ադամսի ընտրարշավը։
Երեկ ուշ երեկոյան հրապարակված տեսաուղերձում Էրիկ Ադամսը պնդել է, որ իր դեմ մեղադրանքներն «ամբողջովին սուտ» են, պնդելով, որ դաշնային դատախազների թիրախում է հայտնվել «նյույորքցիներին պաշտպանելու համար», ակնարկելով, որ հրաժարական տալու մտադրություն չունի։