Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրացման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է, երեկ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրոյանը։
Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանն ու Բերբոքը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։
Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։ Բաքուն մերժում է Երևանի այս առաջարկը։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների երեկվա հանդիպման օրակարգում նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր էին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը։
«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե՛ անմիջականորեն երկկողմ, թե՛ ԵՄ հարթակում, և սա, իհարկե, ՀՀ-ին ավելի է մոտեցնում Եվրոպական միությանը, մենք ուսումնասիրում ենք համագործակցության նոր հեռանկարներ» - ըստ հայկական կողմի՝ ասել է Միրզոյանը։
Կողմերն արձանագրել են, որ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով՝ արտացոլվելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում։
Այս տարվա մարտին Հայաստանի վարչապետն, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ընդունած Հայաստանի վերաբերող բանաձևին, հայտարարել էր՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածու դառնալու հարցը հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Հայաստանյան իշխանություններն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Երևանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Միությունը թույլ կտա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։