9-ամյա Էլենը առավոտյան դպրոց է գնացել, կեսօրին արդեն վերակենդանացման բաժանմունքում էր, անգիտակից, կոմայի մեջ, գլուխը մի քանի կոտրվածքներով, նաև աջ ձեռքն է կոտրվել։
Աղջնակը Վեդիի հիմնական դպրոցի 4-րդ դասարանում է սովորում: Տնօրեն Նոնա Աբրահամյանը ենթադրում է՝ երկրորդ հարկի աստիճանավանդակից է ցած ընկել։ Ինքն է մոտեցել առաջինը:
Էլենի դասընկերուհիներից մեկը պատմեց՝ աղջնակն ուսուցչուհուց զուգարան գնալու թույլտվություն է խնդրել:
Դասասենյակը երկրորդ հարկում է, զուգարանը՝ առաջին։ Ենթադրում են՝ ձայներ է լսել, նայել ներքև ու ընկել։ Դպրոցում պնդում են՝ աղջնակը մի քիչ յուրահատկություններ ուներ, սիրում էր դուրս գալ, պտտվել, վազվզել, վերադառնալ:
«Ոչինչ չէր անում, պտտվում էր, երկու օր առաջ տեսա, եկավ տուալետ, բոլոր ջրերը բացեց ու կանգնեց: Մոտեցա հարցրի՝ ինչի՞ ես բացում, ձայն չէր հանում, ասացի՝ փակիր, բարձրացիր դասի, փակեց ու վազելով գնաց», - պատմեց Նոնա Անդրեասյանը:
Դասվարը վստահեցնում է՝ սովորաբար երեխաներից մեկը կամ ուսուցչի օգնականը ուղեկցում էր Էլենին, այդ օր ոչ ոք չի ուղեկցել։ Աղջնակն այս դասարան էր տեղափոխվել նախորդ տարվանից։
«Ես մայրիկի հետ ամեն 2-3 օրը մեկը զրուցել ենք, 2 օր առաջ մայրիկի հետ խոսել եմ, ասել եմ՝ տուալետ թողնե՞մ գնա, չգիտեմ ինչի էդ հարցն իմ մտքով անցավ տամ, մայրը ասաց՝ թող», - ներկայացրեց դասվար Լիլիթ Գևորգյանը:
Էլենը Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում է, վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։ Արհեստական շնչառական սարքին է միացված։ Այսօր նրա ծնողները Վեդիից Երևան՝ երեխային տեսակցելու գալիս վթարի են ենթարկվել։ Մայրիկը գլխի, ոտքերի վնասվածք ունի ու հղի է։ «Ես ոչինչ՝ Էլենը», - միայն սա էր ասում:
Ընտանիքը նաև դեպքի վերաբերյալ տարբեր պատմություններ է լսում. - «Երկու օր է՝ մեր ականջին հասել է, որ պատուհանից է ընկել, բայց պատուհան չի եղել»:
«Նույնիսկ եթե երեխային հրել են կամ այլ բան է եղել, թող ճիշտը ասեն», - կրկնում է մայրը, նաև պնդում՝ աղջնակը առողջական որևէ խնդիր չի ունեցել, միայն գերակտիվ էր, այդքան բան։ Այդ օրն էլ, սեպտեմբերի 19-ին բոլորովին չէր ուզում դպրոց գնալ, քույրն է հիշում:
Ինչո՞ւ տեղի ունեցավ այս ողբերգությունը։ Վեդիի երկրորդ դպրոցի աստիճանավանդակը ով տեսնի, այս հարցը չի տա։
Աստիճանները խարխուլ, բազրիքը ոչ միայն ճոճվում է, նաև շատ ցածր է, տարրական դասարանների աշակերտների գոտկատեղին էլ չի հասնում։ Այստեղից ցած ընկնելն այնքան հեշտ է։ Ի դեպ՝ թե՛ տնօրենը, թե՛ դասվարը ընդունում են՝ վտանգավոր է:
Էլենի քույրը, որ այս դպրոցն է ավարտել, ասում է, գոնե ցածր դասարանցիներին առաջին հարկում տեղավորեին, այնինչ հակառակն է՝ բարձրերն առաջինում են, փոքրերը՝ վերևում:
Դպրոցի շենքը 1976 թվականին է կառուցվել, այս 48 տարում մի անգամ վերանորոգման փորձ է եղել, որն ընդհատվել է։ Բետոնե հատակն ու անմխիթար պատերը մի կողմ՝ այդ ճոճվող բազրիքով ամեն օր ավելի քան 900 աշակերտ է վերուվար անում, որովհետև այսքան աշակերտի սպասարկող զուգարանները՝ ընդամենը 8 տեղ, առաջին հարկում են։ Դպրոցի տնօրենը խոստովանում է՝ մտքներով չի անցել, որ կարող էր մեկը վայր ընկնել։
Այս դեպքի առթիվ քրեական գործ այսօր է հարուցվել։ Քննչական կոմիտեից ասացին՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Իսկ վտանգավոր շենքը շարունակելու է ամեն օր ընդունել 910 աշակերտների։ Այս դպրոցը նորոգվողների շարքում չկա։