Մատչելիության հղումներ

Կհանդիպե՞ն Միրզոյանն ու Բայրամովը․ ԱՄՆ նախաձեռնողականությունն ու կողմերի լռությունը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Նյու Յորքում, արխիվ

Երևանը չի հստակեցնում՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞՝ ոչ։

Շաբաթվա սկզբին Վաշինգտոնն էր հայ - ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն հայտնել։ Առիթն էլ կարող էր դառնալ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։

2022-ին վարչապետին Նյու Յորքում նաև արտգործնախարարն էր ուղեկցում, իսկ անցած տարի հենց Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից։

«Միացյալ Նահանգները միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար», - շաբաթվա սկզբին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ունի ևս մեկ հանդիպում կազմակերպել Նյու Յորքում։

Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են ամերիկյան հարթակում՝ հուլիսի սկզբին։

«Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին, այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար է», - ասել է Միլլերը շաբաթասկզբին կայացած ճեպազրույցում:

Հայտարարությանը նախորդել էին մեկ շաբաթվա մեջ Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երեկվանից Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը, որը արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նաև տարածաշրջանային հարցեր է քննարկել։ Այդ հանդիպմանը ամերիկյան կողմից նաև կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն էր մասնակցում։

«Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը», - հանդիպումից հետ հայտարարեց Հայաստանի ԱԳՆ-ը։

Այս փուլում Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ գրեթե ամենօրյա ռեժիմով հակադարձումներ են փոխանակում։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված 16 հոդվածներով նախագիծ, Բաքուն հետևողականորեն մերժում է՝ հայտարարելով՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Խաղաղության պայմանագրի նախագծի հայկական խմբագրումը արդեն 20 օր է Բաքվում է։ Արդյոք կողմերն իրենց հեռակա բանավեճը դեմ առ դեմ շարունակելու առիթը Նյու Յորքում կօգտագործեն, անորոշ է։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի քննարկումները մոտենում են, բայց ո՛չ Հայաստանի վարչապետի աշխատակազմը, ո՛չ Արտգործնախարարությունը չեն հաղորդում ծրագրվող այցի մասին։ Բաքվից ևս լուռ են։

Կողմերն երեկ էլ նույն ոգով շարունակեցին: Երեւանը հայտարարեց, որ Ադրբեջանից խաղաղություն ու հարաբերությունների շուտափույթ հաստատում է ակնկալում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա։ Պահը բաց չթողնելու կոչով Արտգործնախարարությունը, առանց անուններ տալու, շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալեց անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում։

Բաքվից հակադարձեցին՝ խաղաղության պատմական հնարավորությունը բաց չթողնելու համար Երևանին կոչ են անում Սահմանադրությունից ու իրավական այլ ակտերից արագ վերացնել տարածքային պահանջները։

Ադրբեջանը տարածքային պահանջ է տեսնում Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագրում, որտեղ խոսվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Նմանատիպ խնդիր Ադրբեջանի սահմանադրությունում տեսնող Երևանը կարծում է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտահոգությունները կարող են փարատվել խաղաղության պայմանագրով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG