Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովին, 18-ը սեպտեմբերի, 2024թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովին, 18-ը սեպտեմբերի, 2024թ․

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հավելեց՝ նաև դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից», - ընդգծեց Փաշինյանը։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

«Բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն»

Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով՝ Հայաստանն ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն է իրականցնում, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակ է ստեղծում։

Անդրադառնալով Բաքվի դժգոհություներին, թե Փարիզը զինում է Երևանին՝ Հայաստանի վարչապետը շեշտեց՝ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։

«Իսկ ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերի։ Մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ», - հայտարարեց Փաշինյանն՝ ընդգծելով՝ Հայաստանի խնդիրն է իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի պաշտպանությունը։

«Այս իրավունքը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, և ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը և մենք այս պարտավորությունները կատարելու ենք», - ասաց Փաշինյանը։

Այս տարվա փետրվարին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2022 -ի սեպտեմբերյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի համար փակվում են շուկաներ, խնդիր են դրել ապահովել զենք-զինամթերքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան և ունեն էական առաջընթաց և հաջողություններ այս հարցում: Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտեց՝ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն էլ մեղադրել է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։ Փետրվարի 23-ին Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական սարքավորումների առաջին խմբաքանակը։

«Թուրքիայի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ցամաքային սահմանը բացել»

Անդրադառնալով հարևան երկրների հետ երկարաժամկետ հարաբերություններին Փաշինյանն ասաց՝ Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ խորն են ու պոզիտիվ և այդտեղ հակամարտության պոտենցիալ չի տեսնում, Թուրքիայի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և ցամաքային սահմանը բացել։

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացների վերջին՝ 5-րդ հանդիպումը հուլիսին էր։ Մոտ 2 տարվա դադարից հետո հայ - թուրքական սահմանին հանդիպած բանագնացները միայն վերահաստատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, առանց նախապայմանի շարունակել խոսակցությունը լիարժեք կարգավորման հասնելու համար։ Չնայած այս պայմանավորվածություններին, սահմանը դեռ փակ է։ Անկարայից հայ - թուրքական կարգավորումը պարբերաբար կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG