Մատչելիության հղումներ

Արսեն Խառատյանին երկրորդ անգամ թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան


Արսեն Խառատյան, արխիվ
Արսեն Խառատյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, «Ալիք մեդիա» լրատվամիջոցի հիմնադիր Արսեն Խառատյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով վրաց քաղաքական գործիչ Աննա Դոլիձեի հայտարարությունը։

Դոլիձեն Ֆեյսբուքում, մասնավորապես գրել է, որ Խառատյանին մի քանի ժամ պահել են օդանավակայանում։

Խառատյանի ընկերներց մեկն էլ, ով այդ պահին եղել է Թբիլիսիի օդանավակայանում, «Ազատության» վրացական ծառայությանը փոխանցել է, որ Խառատյանը բերման է ենթարկվել առավոտյան ժամը 4-ին՝ Լյուքսեմբուրգից Թբիլիսի վերադառնալիս։

«Ազատության» վրացական ծառայությունը դեպքի առնչությամբ դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու համար։

Խառատյանն «Ազատության» հայկական ծառայությանը փոխանցեց, որ այժմ հետ է վերադառնում Լյուսեմբուրգ։

Արսեն Խառատյանն այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում։ «Հոկտեմբերի 26-ի ընտրություններն առջևում են: Վստահ եմ, որ շատ տարբեր մարդիկ կան, որ կարող են անցանկալի լինել, ես հաստատ ամենաանհայտ մարդկանցից չեմ Վրաստանում, գոնե՝ հայալեզու մեդիայի տարածքում: Ես ենթադրում եմ, որ ռուսական գծից՝ ռուսական կողմից գուցե, բայց նաև հենց վրացական ներքին տրամաբանությամբ, իմ տիպի մարդկանց, որոնք համարվում են արևմտյան արժեքների, կամ ժողովրդավարության տարածքի մարդիկ, էդ մարդկանց ակտիվ գործողությունը փորձում են հնարավորինս նվազեցնել», - «Ազատության»-ը փոխանցեց Խառատյանը։

Սեպտեմբերի 11-ին Խառատյանին կրկին արգելել էին մուտք գործել Վրաստան։ Այս անգամ նա Թբիլիսի էր մեկնել Երևանից։

Վրաստանի ՆԳՆ-ից նրան տեղեկացրել էին միայն, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան՝ առանց նշելու պատճառները։

«Երկու ժամ օդանավակայնում փակված մնալուց հետո ոստիկանը մտավ սենյակ և ասաց, որ կարող եմ մուտք գործել Վրաստան։ Որևէ բացատրություն չտրվեց, բացառությամբ մի թղթի, որտեղ ասվում էր՝ «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր», - այդ ժամանակ Ֆեյսբուքում գրել էր Խառատյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ «դեպք»-ի մասին է խոսքը․ - «Ես այժմ ունեմ մուտքի մերժման փաստաթուղթ և իմ անձնագրում կնիք, որը թույլ է տալիս ինձ մուտք գործել Վրաստան, ուստի չգիտեմ, թե որն է ավելի օրինական»։

Արսեն Խառատյանը 2018 թվականին եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով խորհրդականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG