Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանն ԱԺ-ում հանդիպեց ընդդիմադիրների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանն Ազգային ժողովում այսօր հանդիպել է ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություների՝ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին։ Ինչպես հանդիպումից առաջ նշեց, պայքարը շարունակելու համար որոշել են քաղաքական դաշտի բոլոր գործող դերակատարներին հանդիպել։

«Առաջիկա գործողություններին իրենց որոշակի իմաստով անելիքները և հասկանալու համար, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու», - հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Բագրատ Գալստանյանը նշեց, թե իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ հանդիպում նախատեսված չէ, բայց պատրաստ է լսել նաև իշխանական պատգամավորներն, եթե ասելիք ունեն։

«Ես այս շենքում եմ, իրենք ամենավերջին խոսքերն ու լուտանքներն ու առյուծ կտրած խոսել են չէ՞։ Հիմա այս շենքում եմ… չեմ հրավիրում {հանդիպման}, եթե ցանկություն ունեն այդ խոսքերը ասելու նորից, այստեղ եմ ես։ Իրենց որ պատառոտում էին, հիմա կարո՞ղ են գալ, ասել, թող գան», - հայտարարեց նա։

Անցած շաբաթ Բագրատ սրբազանը հանդիպել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսանին։ Հանդիպումը փակ է եղել, հետևաբար հրաժարվեց մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել։

«Խնդիրն աջակցելը կամ չաջակցելը չէ, խնդիրն այն է, որ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե մենք ուր ենք գնում։ Եթե նույնիսկ ես մենակ էլ լինեմ, այս պայքարը պիտի շարունակվի, որովհետև սա ինձ համար նաև որոշակի իմաստով իմ կյանքի կենսագրության մասին է», - ընդգծեց սրբազանը։

Առաջին նախագահի հետ հանդիպում դեռ չի կայացել։ Ինչպես Բագրատ Գալստանյանը վստահեցրեց, Լևոն Տեր-Պետրոսյանը չի մերժել, պարզապես հանգամանքներ կան. - «Առաջին նախագահի հետ կապված որոշ հարգելի պատճառ կա, որի մասին չեմ կարող պարզապես խոսել, ոչ մերժումի, ոչ էլ որևէ բան չկա, զուտ հանգամանքներով պայմանավորված»։

Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով: Սեպտեմբերի 22 -ին Մարզահամերգային համալիրում իր ակտիվի և համակիրների հավաք նախաձեռնած Բագրատ Գալստանյանն առաջիկա ծրագրերի մասին փակագծեր չի բացում։

Նա այսօր էլ հրաժարվեց մանրամասնել, թե ինչպես են պատրաստվում շարունակել պայքարն աշնանը. - «Ծրագիրը մեկն է՝ չարիքի հեռացում։ Մանրամասներ չեմ կարող ուղղակի ասել»։

Բագրատ Գալստանյանի հետ հանդիպումից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, թե այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին աջակցել և շարունակելու են աջակցել «Սրբազան» շարժմանը։ Օհանյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցության օրակարգում շարունակում է մնալ նաև Փաշինյանին անվստահություն հայտնելու գործիքակազմը։ Նման մի փորձ, ի դեպ, արդեն տապալվել է։

«Նաև սրբազանն ինքն է շարժման շրջանակներում գիտակցում, որ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել շարժման արդյունքից ելնելով, այսինքն՝ պետք է լինի ժողովրդական լայն համախմբում, և այդ լայն համախմբումը կարող է պայմաններ ստեղծել այդ գործողություններին գնալու, ես նկատի ունեմ անվստահություն, իմպիչմենթ և այլն», - ասաց պատգամավորը։

Շեշտելով, թե յուրաքանչյուր պայքար համառ և համբերատար գործողություններ է պահանջում, միաժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, թե «շատ ձգձգել էլ պետք չէ, անհրաժեշտ են գործողություներ, որոնք պայքարը կհասցնեն իրենց վերջնական նպատակին»։

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես կշարունակի աջակցել շարժմանը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Պատիվ ունեմ»-ը և նրա համար քաղաքական պատասխանատվություն կրող Հանրապետականը 2018-ից սկսած իրենց բոլոր՝ քաղաքական և մարդկային ռեսուրսները ծառայեցրել են իշխանափոխության նպատակին։

«Այդպես է եղել բոլոր իրական ընդդիմադիր գործընթացների, սրբազան շարժման նախորդ փուլի և գալիք փուլի ընթացքում» ,- ասաց ընդդիմադիր գործիչը։

XS
SM
MD
LG