ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ երկրորդ հեռուստաբանավեճին, հաղորդում է Reuters-ը։
Իր ստեղծած սոցիալական Truth Social հարթակում Թրամփը, մասնավորապես, գրել է․ - «Երկրորդ բանավեճ չի լինի»։
Նախքան Քամալա Հարիսի հետ սեպտեմբերի 10-ի բանավեճը, Թրամփը մեկ բանավեճ էլ հունիսին ունեցել էր դեմոկրատների նախկին թեկնածու Ջո Բայդենի հետ։ Ձախողված այս բանավեճը հենց մտահոգեց դեմոկրատներին և պատճառ դարձավ, որ Բայդենը լքի մրցապայքարը՝ հորդորելով դեմոկրատներին առաջադրել Քամալա Հարիսի թեկնածությունը։
Վկայակոչելով հարցման արդյունքները՝ լրատվամիջոցը նշում է, որ հեռուստադիտողների մեծամասնությունը Հարիսին համարում է սեպտեմբերի 10-ի հեռուստաբանավեճի հաղթող։
Ըստ Nielsen Research Center-ի՝ բանավեճին հետևել է 67 միլիոն ամերիկացի հեռուստադիտող: Բանավեճի ավարտից անմիջապես հետո Հարիսը հայտարարել է Թրամփի հետ ևս մեկ բանավեճ ունենալու պատրաստակամության մասին։
Թեև Թրամփը սոցիալական ցանցի իր հետևորդներին ասել է, որ ինքը հաղթել է բանավեճում, սոցհարցումներով զբաղվող մի քանի գործակալություններ պարզել են, որ Հարիսն ավելի լավ է հանդես եկել, քան Թրամփը: