ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար, հայտարարում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը՝ նշելով՝ ստորագրվել է Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը։
Ըստ հաղորդման՝ փոփոխության նպատակն է խթանել ժողովրդավարության և տնտեսության զարգացումը Հայաստանում։
1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։
ԱՄՆ ՄԶԳ-ը նշում է, որ աջակցություն կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջև ծառացած մարտահրավերների և աշխարհաքաղաքական տեղաշարժերի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։ Փաուերը նշել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման։
Փաշինյան-Փաուհեր հանդիպումից օրեր անց ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակը հայտնել էր, որ 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։