Մատչելիության հղումներ

Փաշինյան. ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցը դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Աա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. մեկնարկում են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները, Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշում կայացվեց, ինչը մենք բարձր ենք գնահատում», - ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ։ Վարչապետը հավելել է, որ հատկապես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում իր ելույթից հետո երկրում ընթանում են քննարկումներ Հայաստանի՝ Եվրոպական Միության անդամ դառնալու գործընթաց սկսելու հնարավորության վերաբերյալ: «Սա պարզ հարց չէ, բայց դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս, ուստի անհրաժեշտ է այս թեմային մոտենալ մանրամասնորեն և համակողմանի։ Այստեղ կարևոր կլինի լսել նաև ԵՄ մեր գործընկերների դիտարկումները և խորհուրդները», - ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում: Նա կարևորել է նաև ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու գործում:

Սխինասը շեշտել է Եվրամիության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, նպաստելու Հայաստանում բարեփոխումների առաջմղմանը: Եվրահանձնաժողովի փոխնախագահը Վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Զրուցակիցները քննարկել են նաև այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG