Մատչելիության հղումներ

«Ոչինչ չեն անում». շինարարության մեկնարկից կես տարի անց «Մերգելյանի» պուրակի կառուցապատումը դեռ չի ավարտվել


Քաղաքային իշխանության խոստացած վերջնաժամկետից հետո էլ Երևանի «Մերգելյանի» պուրակի կառուցապատումը մոտ էլ չէ ավարտին։ Կես տարի առաջ՝ բուն շինարարության մեկնարկին, հենց քաղաքապետ Ավինյանն էր բնակիչներին խոստացել՝ այգին պատրաստ կլինի այս տարվա ամռան վերջին։ Պուրակն արդեն ավելի քան մեկ տարի է՝ փակ է՝ վերակառուցման համար։

Այգու տարածքում այսօր ցերեկն ակտիվ շինարարական աշխատանքներ չնկատեցինք, փոխարենը քաղաքապետարանի աշխատակիցները դեռ կանգուն ծառերի հասուն ճյուղերն էին հատում։ Բնակիչները պնդում են՝ բուն կառուցապատումը շատ դանդաղ է ընթանում։ Ավելին՝ շինարարական պաստառի վրա վերջերս նկատել են, ու չնայած քաղաքապետի խոստումներին՝ կառուցապատման ավարտ է նշված հաջորդ տարվա փետրվարը

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ Նարե Արամյանի պատուհանը հենց այգուն է նայում։ Ասում է՝ ամռան ամենատապին մի կողմից փոշին, մյուս կողմից էլ՝ շինարարական աղմուկը հանգիստ չեն տալիս։ Արամյանի խոսքով՝ շինարարությունն ակտիվանում է երեկոյան ժամերին, շաբաթ-կիրակի էլ՝ առավոտյան. շինտեխնիկայի աղմուկից են արթնանում բնակիչները։

«Բացարձակապես ոչինչ չեն անում, ընդմիջման ժամ չէ, չնայած անհասկանալի է, ինչու են ժամը 6-ին սկսելու առավել շատ աղմկել ու առավել շատ աղմուկը շաբաթ ու կիրակի օրերի համար տեղափոխել», - նշեց բնակիչներից Նարե Արամյանը:

Ինչո՞ւ է ձգձգվում պուրակի շինարարության ավարտը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը պնդում է, թե կառուցապատման ընթացքում առաջացած բարդություններն են պատճառը։

«Բարդություններ են առաջացել դրա համար է ձգձգվել, բայց այդ բարդություններն արդեն լուծվել են, հիմա արդեն ըստ ընթացքի է գնում», - ասաց Վարոսյանը:

Չնայած այգում շինարարությունը դեռ չի ավարտվել, կառավարությունը երեկ որոշեց՝ «Լեռնեցիների պար» արձանախումբը «Դվին» հյուրանոցից տեղափոխել «Մերգելյանի» պուրակ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը կառուցապատման ձգձգումը նաև այս որոշմամբ է պայմանավորում։

85-ամյա տղամարդը դժգոհ է, որ «Լեռնեցիների պարը» արձանախումբն իրենց այգի են տեղափոխելու։ Կառավարությունն իր որոշումը պատճառաբանել էր, թե քանդակը հիմա «համահունչ չէ այն պատմական և շրջակա քաղաքաշինական միջավայրին, որտեղ տեղադրված է»։

«Ամոթ է, տարածություն է պետք քոչարի պարող արձաններին», - ասաց բնակիչը:

Մասնագիտությամբ փիլիսոփա Ֆրենել Գևորգյանը փոքրիկ այգում տեսնում է ընդարձակ տարածություն՝ մեծ արձանախմբի համար

Նախկին այգուց գրեթե ոչինչ էլ չի մնա, անգամ ծառերի մեծ մասը: Դրանք, ըստ քաղաքային իշխանությունների, հիվանդ ու չորացած էին։ Մինչդեռ ավագանու ընդդիմադիր անդամ Արամյանը պնդում է, որ այգու 75 ծառից 5-ն էր հատման ենթակա, այնինչ 50-ն են հատվել։ Վստահ է՝ մյուսներին էլ է նույն ճակատագիրը սպառնում:

Քաղաքային իշխանությունները խոստացել են այս ամիս արդեն այգում 7 տասնյակ նոր ծառ տնկել։ Շինարարությունն էլ ավարտել առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում։ Ընդդիմադիր ավագանու անդամը մինչդեռ թերահավատ է այդ հարցում։ Արամյանը հարց է բարձրացնում՝ եթե նման փոքր այգու կառուցապատումը կես տարում քաղաքապետարանը չի հասցնում, քանի՞ տարի է պահանջվելու ավելի մեծ ու բարդ նախագծերի, օրինակ, Կասկադի համալիրի վերին հատվածը վերակառուցելու կամ մետրոյի նոր կայարան կառուցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG