Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասում է՝ ցանկալի է, որ վարչապետ Փաշինյանը ներկայացնի, թե իր պատկերացմամբ որն է արցախահայերի վերադարձի իրատեսական փաթեթավորումը, և որը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք չի ներկայացնում։
«Արցախի ժողովրդի արժանապատիվ, անվտանգ և կայուն վերադարձն ու կյանքն իր հայրենիքում անառարկելի իրավունք է, որը բխում է միջազգային իրավունքի նորմերից, որը բխում է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանից շատ հստակ և նաև միջազգային պրակտիկայից, որը ՄԱԿ-ը ձևավորել է տարբեր հակամարտությունների կարգավորման ընթացքում», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց արցախցի նախկին պաշտոնյան։
Վարչապետն իր շաբաթավերջին հրավիրած ասուլիսում անդրադարձել էր արցախահայերի հավաքական վերադարձի մասին հարցին՝ ասելով, թե այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ ու նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չէ:
Ըստ Արտակ Բեգլարյանի՝ առանց արցախահայերի վերադարձն ապահովելու չենք կարող խոսել հակամարտության կարգավորման մասին։
«Հետևաբար այն խաղաղության օրակարգը, որը Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներկայացնում են, այդ օրակարգը չի կարող լինել խաղաղության օրակարգ, քանի դեռ հակամարտության բոլոր հիմնական խնդիրները չեն հասցեագրվել և արդար, երկարաժամկետ կայուն կարգավորման չեն ենթարկվել։
Սա հստակ, նույնիսկ կարող եմ ասել՝ աքսիոմ է հակամարտությունների կարգավորման գիտության մեջ», - ընդգծեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.