Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք հերթական հաղթանակն են շնորհել նախագահ Ալիևի գլխավորած ուժին։
Վերջին տարիներին Ադրբեջանում անցկացվող համապետական ընտրությունները բոյկոտող ընդդիմադիր կուսակցությունը պնդում է՝ երեկվա քվեարկությունն ի սկզբանե անօրինական էր:
«COP-29-ը կամ որևէ այլ միջազգային իրադարձություն չի կարող հիմք հանդիսանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, ոչ էլ նախագահը կարող է ցանկացած պահի գերազանցել իր լիազորությունները և ընտրություններ նշանակել», - հայտարարում է ընդդիմադիր ուժը հավելելով, որ հերթական անգամ Ադրբեջանում ընտրություններն անցկացվել են «արդար քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում, առանց հեղինակավոր դիտորդական կառույցների մասնակցության, իսկ անկախ լրագրողներն էլ՝ բանտերում են»։
«Ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, իսկ քվեարկելու եկածները ներգրավվել են վարչական ռեսուրսի միջոցով», - պնդում է ընդդիմադիր Ալի Քերեմլիի ղեկավարած կուսակցությունը։
«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի մեքենայությունների նկատմամբ ցանկացած լոյալ, ոչ միանշանակ վերաբերմունքը խոչընդոտում է մեր երկրի ժողովրդավարացմանը և Արևմուտքի հետ ինտեգրման գործընթացին։ Ուստի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում ավելի սկզբունքային և օբյեկտիվ լինել սեպտեմբերի 1-ի ընտրությունների կեղծ արդյունքների նկատմամբ», - ասված է հայտարարությունում։