Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, հայտնում է Արտգործնախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներն ավարտել են ապրիլի 19-ին ստորագրված՝ համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:
Ներկա պահին Հայաստանն ու Ադրբեջանն սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։
Սահմանազատման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը պետք է համաձայնեցվեր մինչև հուլիսի մեկը։ Հենց այս փաթեթի ընդունմամբ պետք է ապահովվեր սահմանազատման շարունակականությունը: Համենայն դեպս, չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո իշխանությունն այդպիսի ակնկալիք ուներ։
- Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
- Բողոքի ակցիաներին զուգահեռ իրականացված հատվածական սահմանազատմամբ 12 կմ երկայնքով նոր սահման գծվեց, հայկական տներ ու տարածքներ անցան Ադրբեջանին։ Այժմ սահմանագծված հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են, սահմանային սյուներ ու բարձր՝ քողարկող պատեր։