Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա, այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական բարձր մակարդակով հրաժարվել է այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթուղթը այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նման բան չենք լսել», - ասաց նա։
Պուտինն օրեր առաջ պետական այցով Բաքու էր մեկնել։ Ապա Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ներկայացրել էր այդ այցի տպավորությունների մասին։ Ռուսաստանի նախագահը վերահաստատել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակցության պատրաստակամությունը։
Մարա Զախարովան այսօր կրկնեց, որ բոլոր հարցերը՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման, ապաշրջափակման վերաբերյալ, քննարկվել են։