Մատչելիության հղումներ

Ջրառատցիները ցորեն ցանելուց չեն հրաժարվում՝ չնայած տարին բերքառատ չէր, գներն էլ ձեռնտու չեն


Ջրառատցիների ցանած ցորենը, գարին ու վարսակը Վաչագան Հովհաննիսյանը երեք տարի առաջ ձեռք բերած նոր կոմբայնով է քաղում։ 25 տարվա կոմբայնավարն ասում է՝ այս տարին նախորդի համեմատ այդքան էլ բերքառատ չէր։ Պատճառն էլ գիտի. - «Համ էդ կրծողները, համ էլ՝ եղանակը սպես անձրևային, ու դպես վատ եղավ»:

Թեև Կառնուտի ջրամբարը մոտ է, ցանքատարածություններ ջուր չի հասնում, անջրդի հողատարածքից էլ նույնիսկ ակնկալվող բերքը չեն ստացել:

Հիմա, երբ գյուղացիները ստացած բերքը պիտի վաճառեն, որ վարկ ու պարտք փակեն, գները ձեռնտու չեն։ Վերջին երկու տարում ցորենի գինը շուկայում 80-85 դրամ է։ Սերմացուն, ասում են, 190-200 դրամով են գնում, բայց ստացած բերքի մեկ կլիոգրամը 80-85 դրամով են վաճառում, շահավետ չէ։ Արան առաջարկում է հաստատուն գին սահմանել։

Գնանկումը Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների պատճառով է։ Ռուսաստանից էժան ցորենը Հայաստան է գալիս, ու հայկական ցորենի գինն իջնում է։

Ամեն դեպքում, ցորեն ցանելու մտադրությունից հետ չեն կանգնում։ Այս տարի Վաչագանը պատրաստվում է 20 տոննա ցորենի էլիտար սերմացու ձեռք բերելու ու ցանել, որ կարողանա օգտվել սուբսիդավորման ծրագրից։ Այս պահին պետությունը միայն հավաստագրված սերմացուով ցանած ցանքատարածություններ է սուբսիդավորում՝ հացահատիկի դեպքում մեկ հեկտարի դիմաց 70 հազար դրամ փոխհատուցում։

Միաժամանակ, հիմա այլ մշակաբույսեր են փորձարկում, եթե արդարացնի ու լավ բերք ստանան, ապա հացահատիկի փոխարեն կանցնեն դրանց մշակմանը։

Տեղում արտադրողին պետությունը պիտի աջակցի, այլապես մի օր ներկրման խնդիրներ եղան՝ պարենի լուրջ խնդրի առաջ կկանգնենք, ընդգծում են ջրառատցիները:

Իսկ Ջրառատում մշակելու հող շատ կա։ Հիմա 70 տոկոսն անմշակ է, եթե հողատարածքների գոնե մի մասին ջուրը հասնի, հողից ստացվող եկամուտն էլ կավելանա, ինչպես գյուղացիներ են ասում՝ իրենք էլ լրջորեն կմտածեն հողագործությամբ ապրելու մասին։

«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG