Մատչելիության հղումներ

«Նրանք ամեն բան կարող են». Մոդելային գործակալություն՝ դաունի սինդրոմով փոքրիկների համար


Արդեն 4 ամիս է հայկական համացանցը փայլում է դաունի սինդրոմով փոքրիկների ժպիտներով: Նրանք հագուստ, զարդեր, խնամքի պարագաներ են գովազդում: Մոդելային՝ ArevModels գործակալությունը հիմնել են երկու մայրիկները՝ համախմբելով դաունի սինդրոմով երեխաների այլ ծնողների:

Նախագծի համահեղինակներ Լիլիթին ու Քրիստինային միջազգային հաջողված փորձն է ոգեշնչել, իսկ նպատակը մեկն է. - «Որ ինքն առանց ինձ կարողանա ապրել՝ ոչ թե ինչ-որ հաստատության հաշվին, ինչ-որ հարազատների խղճահարության հաշվին»:

Դաունի սինդրոմով մարդիկ ի տարբերություն մյուսների՝ ոչ թե, 46, այլ 47 քրոմոսոմ ունեն: Այս մեկ քրոմոսոմն էլ տարբերվող է դարձնում նրանց: Ավելի սիրառատ, հուզական ու ժպտերես այս մարդկանց, աշխարհի տարբեր լեզուներով անվանում են՝ ԱՐԵՎ, արև մարդ, արև բալիկ: Բայց նրանք միշտ միանգամից մի քանի մասնագետի կարիք ունեն, որովհետև ունեն զարգացման առանձնահատկություններ:

Այդ ողջ ճանապարհը նրանց հետ միասին քայլող ծնողները կես դրույքով յուրացնում են մասնագիտական այդ հմտությունները:

ArevModels գործակալության ծնողներն ասում են՝ երեխաներին տրամադրվող 28-39 հազար դրամ թոշակը չի բավարարում: Գործակալությունը զարգացնելու նպատակ ունեն, որ իրենց արևները հետագայում այդ ծախսերն ինքնուրույն հոգան:

Հայկական արդեն 4 ընկերություն իրենց ապրանքները ներկայացնելու համար ընտրել է այս բալիկներին։ Մայրիկները շարունակում են նամակներ գրել տարբեր բիզնես էջերի, բայց նեղսրտում են. - «Ավելի վիրավորական է, որ չեն պատասխանում»:

Իրար ոգևորող ծնողները հիշում են, թե քանի անգամ են բժիշկներն իրենց հորդորել հրաժարվել երեխաներից կամ ընդհատել հղիությունը: Լավ բժիշկների էլ են հանդիպել, բայց գոհ են, որ հիմա գտել են իրար ու միասին են առաջ քայլում, կյանքն էլ հակառակն է ապացուցել, ուղղակի արև բալիկները հասարակությունից ու ընտանիքից ավելի շատ էմոցիա, հոգատարություն ու ջերմություն են ուզում:

Գործակալության կայքն ամեն օր նոր այցելուներ է ունենում, բայց գովազդատուներն են դեռ պասիվ: «Գուցե չգիտե՞ն դեռ մեր մասին», - ասում են ծնողներն ու հույս փայփայում, որ շուտով համագործակցության շատ առաջարկներ կստանան, իսկ հասարակությունն էլ աստիճանաբար ավելի բաց ու ինֆորմացված կլինի:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG