Միլիարդատեր Իլոն Մասկն այսօր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հարցազրույց կվարի X սոցիալական մեդիա ցանցում։
Նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ, վերլուծաբանների կարծիքով, այս սոցիալական մեդիայի հարթակում Թրամփի հարցազրույցը կարող է նոր լսարան ձեռք բերելու և քարոզարշավին նոր թափ հաղորդելու հնարավորություն լինել։
Հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ հարցազրույցը կանցկացվի ուղիղ եթերում։
Ինքը՝ Թրամփը, սեփական գրառումների համար օգտվում է հիմնականում իր ստեղծած սոցիալական հարթակից՝ Truth Social-ից, որը գործարկվել է 2022 թվականի փետրվարին։
Աշխարհի ամենահարուստ մարդը 2020 թվականին սատարել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։ Անցած ամիս Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձից հետո Իլոն Մասկը, սակայն, փոխել է դիրքորոշումը։
Մասկը, որ գլխավորում է նաև Tesla Inc ընկերությունը, դրամահավաք էր նաև կազմակերպել՝ ի աջակցելու Թրամփի քարոզարշավին: Ժամանակին Էլեկտրական մեքենաների քննադատ Թրամփը ևս վերանայել է իր մոտեցումը էլեկտրամոբիլների նկատմամբ։
Ուշագրավ է, որ Բայդենի վարչակազմն է աշխատել էլեկտրական մեքենաների հանրահռչակման ուղղությամբ՝ հարկային արտոնություններ և աջակցության այլ միջոցներ տրամադրելով։