Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևը կարևորել է տարածաշրջանային գործընթացների ուղղությամբ Մոսկվա-Բաքու կանոնավոր շփումները։
Նշելով, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններն օրինակ են հարևան որոշ երկրների համար՝ Ալիևն այդ հարաբերությունները համարել է անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի համար։
Շոյգուն, իր հերթին, ընդգծել է Մոսկվայի և Բաքվի միջև կապերի հաջող զարգացումն անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։
Նշելով, որ երկկողմ համագործակցության օրակարգում կարևոր հարցեր են, որոնք հաջողությամբ լուծվում են՝ Ռուսաստանի ԱԽ քարտուղարը, որպես օրինակ, շեշտել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրականացումը։
«Այս ուղղությամբ եռակողմ մեծ աշխատանքներ են տարվում», - ասել է Շոյգուն։
Ռուսաստանի ԱԽ քարտուղարը նաև հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Շոյգուն Բաքու է մեկնել Թեհրանից։ Երեկ նա հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ռուսաստանի հետ կապերի զարգացումը Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, հայտարարել է Փեզեշքիանը՝ շեշտելով՝ Ռուսաստանը եղել է դժվարին պահերին Իրանին աջակցող երկրների թվում։