18։31
Իրանի հոգևոր առաջնորդ ու փաստացի ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը Իրանի հյուրին սպանել է Իրանի տարածքում, ուստի վրեժխնդրությունը իրենց պարտքն է։
17։00
Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Channel News Asia» ալիքին ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։
«Շատ դժվար է ենթադրություններ անել»,- նշել է նա։
13։52
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրողանը խստորեն դատապարտել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը և խոստացել Թուրքիայի հետագա աջակցությունը Գազայի հատվածին։
X սոցցանցում նա գրել է, որ Հանիեի սպանության նպատակն է խարխլել Գազայի դիմադրությունը և պաղեստինցիների արդար պայքարը։
12։30
Հանիեի սպանությանն արձագանքել է նաև «Թալիբան» շարժումը։
Շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդն այն անվանել է «մեծ կորուստ իսլամական ազգի համար»:
12։20
«Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունը, պատիվն ու հպարտությունը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար», - այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն՝ անդրադառնալով «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։
Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Իրանի նախագահը չի մանրամասնել։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի և Պաղեստինի «երկու հպարտ ժողովուրդների միջև կապն ու դիմադրության, ճնշվածների պաշտպանության ուղին ավելի ամուր կլինի, քան երբևէ։
«Երեկ ես բարձրացրեցի նրա [Հանիեի] հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է թաղեմ նրան իմ ուսերին», - X-ում նաև գրել է Իրանի նախագահը։
09։09
«Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
Գործակալությունը պարզաբանում է, որ նախօրեին Հանիեն Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։
Իրանը մանրամասներ չի հաղորդել, թե ինչպես է սպանվել Հանիեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է:
«Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝ ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։
«Համաս» ծայրահեղական խմբավորումը հարձակումն անվանել է «դավաճանական» և հայտարարել, որ դրա պատճառը «սիոնիստական նենգ հարձակումն է»:
Իրանի պետական հեռուստատեսության վերլուծաբաններն Իսրայելին են մեղադրել հարձակման համար, նշում է The Times of Israel-ը՝ ընդգծելով, որ Իսրայելը չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: