Մատչելիության հղումներ

Ռուբինյանը «լավ», Քըլըչը «կառուցողական» է որակում երեկվա հանդիպումը


Ռուբինյան-Քըլըչ հանդիպում, Հայաստանի և Թուրքիայի սահմանին, 30-ը հուլիսի, 2024թ․
Ռուբինյան-Քըլըչ հանդիպում, Հայաստանի և Թուրքիայի սահմանին, 30-ը հուլիսի, 2024թ․

Հայկական կողմի բանագնաց, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լավ է որակում երեկ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպումը։

X-ի իր էջում Ռուբինյանը, մասնավորապես, գրել է, որ լավ հանդիպում է ունեցել Քըլըչի հետ Հայաստանի և Թուրքիայի սահմանին, վերահաստատվել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցվել են վստահության ամրապնդման նոր միջոցները, այդ թվում՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք հնարավորություն կտան Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապի գործարկմանը։

X-ում գրառում է կատարել նաև թուրքական կողմի բանագնացը՝ նշելով, որ հինգերորդ հանդիպումն անցկացրել են առավոտյան հայկական կողմում, օրվա երկրորդ կեսին՝ թուրքական հատվածում։

«Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները», - գրել է Քըլըչը։

Երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո Երևանն ու Անկարան նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հայտարարվեց նաև, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Պայմանավորվածությունից երկու տարի անց՝ այս հունիսին Ռուբինյանը հայտարարել էր՝ Անկարայի քայլերը չի տեսնում: Երեկվա հանդիպումն էլ չտվեց հարցերի պատասխանը՝ կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը, ե՞րբ, ինչպե՞ս ու ի՞նչ ընթացակարգով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG