Մատչելիության հղումներ

Ծառերի էտ, լվացած ասֆալտ ու այց շուկա. Փաշինյանն Արմավիրում էր


Աղավնատուն համայնք տանող ճանապարհին, Արմավիրի մարզ, հուլիսի 26, 2024թ.
Աղավնատուն համայնք տանող ճանապարհին, Արմավիրի մարզ, հուլիսի 26, 2024թ.

Արմավիր մարզի Աղավնատուն համայնք տանող ճանապարհին այսօր ակտիվ եռուզեռ էր մինչ օրվա երկրորդ կեսը։ Համայնքում երեկվանից պատրաստվում էին վարչապետի այցին:

Երեկ գծանշումներն էին թարմացրել, այսօր ջրցան մեքենաներով ճանապարհներն էին լվանում, մայթեզրերից հեռացնում չորացած խոտը։ Գյուղում անգամ որոշ ծառեր են էտվել, ենթադրաբար այն տարածքներում, ուր ակնկալում էին, որ Նիկոլ Փաշինյանը կանգառ կունենա: Աղավնատուն համայնքում, սակայն, վարչապետն այդպես էլ մեքենայից չիջավ:


Փոխարենը նրա ավտոշարասյունը կանգնեց մերձակայքում գտնվող գյուղատնտեսական շուկայի մոտ: Այստեղ էլ «Ազատության»-ն արգելեցին նկարահանում իրականացնել, Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվեց հարցերին պատասխանել: Նրա այցից հետո շուկայի վաճառողները վրդովված էին՝ մի մասը հրաժարվեց խոսել, որոշներն էլ բողոքեցին, թե մտել և ՀԴՄ կտրոնների թեման է բացել, իսկ իրենք վարչապետից «մի լավ բան էին» ակնկալում:

«Բայց, մանրածախ առևտրի մեջ ի՞նչ ՀԴՄ», - հարցրեց քաղաքացիներից մեկը, մյուսը հավելեց, - «Ես Տարոնիկ համայնքից եմ։ Մի հատ մտնի, այդ ճանապարհը նայի՝ ինչ վիճակում է։ Երևի 30 տարի չէ, 70 տարի ոնց եղել է՝ այդ վիճակում է»։

Վարչապետն այսօր այցելել է նաև Մարգարայի անցակետ, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալիքով հայկական կողմը վերանորոգել է: Հայ-թուրքական կարգավորման գործընթացում, սակայն, առաջընթաց չկա, հակառակ պայմանավորվածությանը՝ ցամաքային սահմանը դեռ չի բացվել երրորդ երկրների քաղաքացիների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG